Սերժն ու Բեռլինի Գրավումը

Սերժ-ՍարգսյանԸնդամենը երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերցրեց գիտությունների թեկնածուի կոչում: Ինչպես նա պաշտպանեց իր թեկնածուական թեզը, արդեն հայտնի է բոլորին: Ու թվում էր, որ գոնե մի կես տարի կանցնի մինչեւ հաջորդ աբսուրդը: Չանցավ: Երեկ 5-րդ բրիգադում սպառազինության գծով հրամանատարի տեղակալ, այնուհետեւ շտաբի պետ Ֆրունզե Ավագյանը Aravot.am-ին պատմել է, որ Տարոն Մարգարյանը, պինդ բռնվեք, մասնակցել է արցախյան ազատամարտին: «… մարդկանց զենք ու զինամթերք էր հասցնում: Սկսած 1990-91 թվականներից,  երբ զենք էր առգրավվում, նա մասնակցել է այդ գործողություններին»,- ասել է Ֆրունզե Ավագյանը: Ախր պրն. Ավագյանին տեղեկացնենք, որ «1990-91 թվականներին» Տարոն Մարգարյանը եղել է 12-13 տարեկան: Այդ «5-րդ բրիգադը» կամաց-կամաց վեր է ածվում մեր տարատեսակ պաշտոնյաների ու օլիգարխների «փառքի» կազարմայի: Ընդամենը մի 10 օր առաջ էլ պարզվեց, որ հենց այդ նույն բրիգադի կազմում կենաց մահու կռիվ է տվել մեր ամենաօլիգարխ Սամվել Ալեքսանյանը` Լֆիկը: Դեպքերը չափազանց արագ են զարգանում: Ստիպված ենք ամեն օր հետեւել ԶԼՄ-ներին` պարզելու համար, թե մեր նմանատիպ «երեւելիներից» էլ ով է արյուն թափել, որտեղ եւ որ բրիգադի կազմում: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները: Այս «երեւելիներին» արցախյան ազատամարտի հետ կապողները գոնե ուղեղի ծայրով անցկացրե՞լ են, թե ինչ անխուսափելի հետեւանքներ է դա ունենալու: Տարոնի ու Լֆիկի` «ազատամարտիկ» դառնալու մասին տեղեկանալով ի՞նչ զգացմունքներ են ապրում այն բազմաթիվ անտուն ու անոթի ազատամարտիկները, որոնք ռազմի դաշտում թողել են իրենց առողջությունը, մարմնի ու հոգու մի մասը: Ի՞նչ են զգում զոհված ազատամարտիկների այրիներն ու երեխաները, որոնք այսօր տարրական սննդամթերք գնելու խնդիրներ ունեն: Ինչ են զգում այսօր Հայաստանի սահմանին խրամատում ամեն վայրկյան թշնամու դիպուկահարի գնդակից զոհվելու վտանգը աչքի առաջ ունեցող զինվորները, երբ տեղեկանում են, որ Լֆիկն ու Տարոնը արդեն «ազատամարտիներ» են: Այդ մասին մտածո՞ւմ են նրանք, ովքեր այդ լֆիկներին ու տարոններին բիրիքով դասում են ազատամարտիկների շարքերը: Կարող ենք արձանագրել, որ հետեւողականորեն եւ անչափ համառությամբ արցախյան ազատամարտը արժեզրկելու մի գործընթաց է սկսվել: Դիտավորյալ է դա արվում, թե` պատահաբար, կարեւոր չէ: Իսկ մեզ մնում է հրապարակել մեր այլ «երեւելիների» կենսագրությունների անտիպ էջերը: Օրինակ այն, որ Սերժ Սարգսյանը Ժուկովի հետ մշակել եւ իրագործել է Բեռլինի գրավման օպերացիան, իսկ Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը անձամբ են մասնակցել ռուս-թուրքական բոլոր պատերազմներին: Դե ասեք, որ սուտ է:

Գրում է <<Հայկական Ժամանակ>> օրաթերթը

 


Այս թեմայով