Սեպտեմբերի 25-ից հետո կհռչակվի՞ անկախ Քուրդիստան

Այս տարվա սեպտեմբերի 25-ին Իրաքի քրդական ինքնավարության տարածքում տեղի կունենա անկախության հանրաքվե: Քուրդիստանում ցանկանում են իրենց հանրության կամքը ցուցադրել և բանակցությունների մեջ մտնել Բաղդադի հետ, որպեսզի հասնեն անկախության: Այսպես հայտարարում են քրդական ինքնավարության պաշտոնական ներկայացուցիչները:

Քուրդիստանին հարևան պետություններում սկսել են խոսել քրդական պետության հնարավոր անկախացման մասին: Իհարկե քրդերի անկախությունը կտրուկ իրավիճակ կփոխի տարածաշրջանում, սակայն դժվար է ասել, որ քրդերը հեշտությամբ կկարողանան հասնել անկախութան: Եվ պատճառները միայն արտաքին գործոնները չեն:

Նախ պետք է հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Իրաքի քրդական ինքնավարությունը: Իրաքյան Քուրդիստանը, որը հայտնի է նաև Հարավային Քուրդիստան անվանումով, ինքնավար դաշնային միավոր է Իրաք պետության կազմում: Քրդական շրջանը ձևավորվել է 1970 թվականի ինքնավարության համաձայնագրով Էրբիլի, Սուլեյմանիեի և Դոհուկի նահանգների տարածքներում, որոնք գերազանցապես քրդաբնակ են:  Այս պահին քրդական զինված ուժերը իրենց վերահսկողության տակ են առել նաև Բաղդադի և Էրբիլի միջև վիճելի տարածքներ համարվող Կիրկուկի մարզը և եզդիաբնակ Շանգալի շրջանը: Այս տարածքներում ևս քրդական իշխանությունները պատրաստվում են անկախության հանրաքվե անցկացնել:

 1992 թվականին ձևավորվեց Իրաքյան Քուրդիստանի կառավարող մարմինը՝ Քուրդիստանի ռեգիոնալ կառավարությունը: Իրաքյան Քուրդիստանը պաշտոնապես ինքնավար շրջանի կարգավիճակ է ստացել 2005 թվականին ընդունված Իրաքի սահմանադրությամբ:

Չնայած այն հանգամանքին, որ Իրաքի քրդական ինքնավարությունը պաշտոնապես մեկ միասնական օրգան է իրականության մեջ այն ունի ներքին բաժանումներ և հաճախ այդ ներքին բաժանումները ավելի խիստ են, քան Բաղդադի հետ ունեցած բաժանումը: Քուրդիստանում ազդեցիկ են երկու կուսակցություն: Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունը` նախագահ Մասուդ Բարզանի, որը նաև քրդական ինքնավարության նախագահն է և  Քուրդիստանի հայրենասերների միություն կուսակցությունը, որը ստեղծվել է  1975 թվականին՝ Քուրդիստանի դեմոկրատական կուսակցությունից հեռացած մի քանի անդամների կողմից: Կուսակցության ղեկավարն է Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանին:

Իրաքի քրդական ինքնավարությունը կսիված է հիմնականում այս երկու կուսակցությունների միջև: Եթե Դոհուկի և Էրբիլի մարզերը գտնվում են Բարզանու կուսակցության ազդեցության տակ, ապա  Սուլեմանին և հարակից բնակավայրերը գտնվում են Թալաբանու կուսակցության ազդեցության տակ: Կիրկուկում այս երկուսն էլ ունեն ազդեցություն:

Այս կուսակցությունների միջև  է բաժանված անգամ ինքնավարության զինված ուժերը: Քրդական զինված ուժերի 80-րդ բրիգադը իր 60 հազար մարտիկներով գտնվում է Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության ազդեցության տակ, իսկ 70-րդ բրիգադը իր նույնաքանակ մարտիկներով Քուրդիստանի հայրենասիրական միության ազդեցության տակ:

Թալաբանու և Բարազնու կուսակցությունների միջև այնքան խորը հակասություններ են եղել, որ դրանք 1994-1998 թվականներին վերածվել են միջկուսակցական պատերազմի: Ի վերջո այդ պատերազմը կանգնեցրեց ԱՄՆ-ն, սակայն հակասությունները այդ ուժերի միջև չվերացան:

Կուսակցությունների միջև հակասությունը խորացավ կրկին այն ժամանակ, երբ Բարզանու իշխանությունը աջակցեց Թալաբանու կուսակցությունից պոկված մի խումբ գործիչների ստեղծած քաղաքական շարժմանը: Ստեղծված Գորան շարժումը այնքան հզորացավ, որ 2013 թվականին խորհրդարանական ընտրություններին հավաքեց շատ ավելի ձայն քան Թալաբանու կուսակցությունը: Չնայած այս հանգամանքին Գորան շարժումը չկարողացավ շատ մեծ ազդեցություն ունենալ Քուրդիստանում, քանի որ չուներ ռազմական թև, որը կկարողանար ամրապնդել նրա դիրքերը:

Քուրդիստանում այսօր էլ կան հակասություններ անգամ անկախության հանրաքվեյի հետ կապված: Այսօր էլ Թալաբանու կուսակցությունը և Գորան շարժումը լիարժեք չեն աջակցում Բարզանու առաջ քաշած օրակարգին:

Իհարկե հիմա այդ հակասությունները չունեն սուր բնույթ, սակայն շատ կարճ ժամանակում կարող են այդպիսի տեսք ստանալ: Հատկապես այն դեպքում, երբ քրդական ինքնավարության հարևան երկրները, որոնք չեն ցանկանում տեսնել անկախ քրդական պետություն մեծ ազդեցություն ունեն նշված քրդական կուսակցությունների վրա:

Այնպես որ այս պահին դեռևս վաղ է խոսել այն մասին, որ սեպտեմբերի 25-ից հետո քրդերը կհայտարարեն իրենց պետության անկախության մասին:

Դիտվել է 399 անգամ
 


Այս թեմայով