Սեյրան Օհանյանը հրաժեշտ է տվել

11798178_1179181492107813_1605107047_n-600x445ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ողջունելով հյուրին Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին շրջանում ակտիվացել են Հայաստան-ԵՄ հարաբերությունները և նկատվում է համագործակցության դինամիկ զարգացում: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է Հայաստանի պետական կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը Եվրամիության կողմից ցուցաբերվող օժանդակությունը` հույս հայտնելով, որ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և բոլոր հնարավոր ոլորտներում ձևավորված ակտիվ երկխոսությունը կլինի շարունակական:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Տրայան Հրիսթեան Հայաստանում իր պաշտոնավարման ընթացքում իրականացրել է շատ ակտիվ և արգասաբեր աշխատանք՝ նպաստելով ԵՄ հետ Հայաստանի համագործակցության ընդլայնմանն ու ակտիվ փոխգործակցությանն ամենատարբեր ոլորտներում:

Կարևորվել է, որ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչները ակտիվորեն ներգրավված են նաև Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում կազմակերպվող տարատեսակ համաժողովներին, դասընթացներին, կլոր սեղաններին, ինչը լավ հարթակ է ԱԳ ծրագրի մասնակից երկրների պաշտպանության և անվտանգության ոլորտում աշխատող մասնագետների միջև փորձի, ինչպես նաև կարծիքների և մոտեցումների փոխանակման համար:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Հրիսթեային Հայաստանում իր պաշտոնավարման ժամանակահատվածում՝ որպես միջազգային առանցքային կազմակերպության առաքելության ղեկավարի, կատարած աշխատանքի համար՝ վերջինիս մաղթելով հաջողություններ և նորանոր բարձունքներ հետագա աշխատանքային գործունեության մեջ:

 


Այս թեմայով