Սա քաղաքական քյալլագյոզություն է, «հոմո սերժիկո՞ւս» եք ձեւավորում

Սերժ Սարգսյան սերնդափոխությունՆերկայացնում ենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ԱԺ նիստում Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթը:

«Ճիշտ չեն բոլոր այն մոտեցումներն ու ելույթները, որտեղ կառավարման մեկ մոդելը ներկայացվում է ավելի լավ, քան՝ մյուսը: Բոլոր մոդելներն էլ լավն են, եթե ճիշտ արտացոլում են տվայլ երկրի վիճակը, նրա առջեւ ծառացած մարտահրավերները եւ այդ ժամանակի համար ճիշտ լուծումներ են տալիս: Այնպես որ, այդ մոտեցումները, խնդրում եմ, որպես արգումենտ չբերել: Բոլոր մոդելներն էլ լավն են: Խնդիրը հետեւյալն է. դուք բերում եք 100 երկրի տարբերակ, բայց բերեք Հայաստանի օրինակը: Այդ բոլոր երկրների տարբերակները ուսանելի են, էդ փորձը ուսանելի է, բայց կիրառելին պետք է լինի մեր երկրի վիճակը, որն էլ պետք է որոշի՝ գնո՞ւմ ենք մոդելի փոփոխության, թե՞ ոչ:

Մեր մոտեցումն այս է. այսօր Հայաստանը չի գտնվում այնպիսի վիճակում, որ պետք է կառավարման մոդելի փոփոխության գնալ: Այսօր Հայաստանը կարիք ունի ուղղաձիգ ուժեղ իշխանության, քանի որ գտնվում է պատերազմից «հինգ պակաս» իրավիճակում, քանի որ գտնվում է տնտեսական, քաղաքական այնպիսի համակարգում, որտեղ բոլոր երկրները կիսանախագահական են, եւ այս չարեփոխումների արդյունքում Հայաստանը կհայտնվի մի աննորմալ վիճակում, երբ քո երկրի ղեկավարը, այն համակարգում, որի մեջ գտնվում ենք, հավասարը հավասարի հետ նստելու հնարավորությունը չի ունենա:

Էլ չասած՝ այսօրվա մեր քաղաքական իրավիճակի լարվածությունը, ծանր մթնոլորտը, մարտահրավերները, կոռուպցիան, ընտրությունների ոչ կայացած լինելը, համեստ եմ ասում, մեր շրջապատում իրականացվող քաղաքական, տնտեսական բարդագույն գործընթացները: Մենք գտնում ենք, որ այսօր այդ փոփոխության անհրաժեշտությունը չկա: Սա կարող է բերել արկածների: Սա բերելու է լուրջ ցնցումների: Ծանոթացեք ռուսական մամուլին, եվրոպական մամուլին, ամեն օր անդրադարձներ կան, եւ մարդիկ արձանագրում են: Մասնավորապես, ՌԴ ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման ինստիտուտի տնօրենը գրում է. «Այս փոփոխությունը Հայաստանին կարող է բերել անկանխատեսելի ցնցումների: Այս փոփոխությունները կարող են երկրին ուղղակի իր ուղեգծից գցել: Սա ԱՊՀ-ում եւ ԵԱՏՄ-ում բերելու է Հայաստանի դիրքի թուլացմանը»:

Եւ տարբեր քաղաքական գործիչներ ուղղակի նշում են, որ սա ՀՀԿ-ի եւ, կարող է նաեւ՝ հետագայում այլ կուսակցության համար վերմակն իր կողմը ձգելու եւ ներքին խիստ լարումների պատճառ առաջացնել: Ինչի՞ համար են այս փոփոխությունները, ձեզ հարց եմ տալիս, ի՞նչ է տալու այս փոփոխությունը, եթե հին Սահմանադրության, որը դուք ոտնահարել եք, փոփոխության անհրաժեշտությունը չի ապացուցվել: Հին Սահմանադրությունն ասում է, որ ԱԺ կեսը պետք է գործարար լինի՞: Այդ կետը ապահովեք: Գործող Սահմանադրությունը չի ապահովվում, էլ ոտնահարված Սահմանադրության փոփոխության իմաստը ո՞րն է: Միայն նրա համար, որ մի հոգի է ուզե՞լ: Դուք պատանդ եք դարձել մի հոգու ցանկության: 2012 թվականին դուք ծրագիր եք ներկայացրել, եւ ոչ մի պատգամավոր, ձեր կուսակցությունը սահմանադրական փոփոխության մասին մի բառ չի ասել:

Դուք ինքներդ էլ գիտեք, որ արկած կա սրա մեջ: Դուք ինքներդ էլ գիտեք, որ եթե այս համակարգը գնաց փոփոխության (կրթական համակարգը փոխում եք, ՏԻՄ համակարգը փոխում եք, պառլամենտական, նախագահական համակարգերը փոխվում են, դատականը փոխվում է, արտաքին հարաբերությունների կոնցեպցիաները փոխվում են, ամբողջ համակարգը տակնուվրա եք անում), միայն այդ համակարգի իրականացումը 5-10 տարի կպահանջի, էլ չեմ ասում՝ ինչքան մարդկային, շենքային ռեսուրսների, ֆինանսների անհրաժեշտություն կլինի, հարյուրավոր օրենքներ են փոխվելու սրանից հետո, դուք ինչի՞ համար եք անում սա: Չէ՞ որ դուք էլ չեք ուզում, ձեզ հետ զրուցում ենք, դուք էլ եք ասում, որ սա ռիսկ է: ՀՀԿ-ականների մի մասը իսկապես գիտի, որ չարժե գնալ այսպիսի արկածախնդրության: Շատ լավ գիտեք: Եթե մի երկու տեսաբան բերել են այս տեսական փորձը, եւ անգամ քիչ ռիսկ կա սրա մեջ, ապա ի՞նչ է տալու այն, ասեք խնդրեմ, բացի նրանից, որ Սերժ Սարգսյանը, արդեն ասացիք՝ «հո տանը չի՞ նստելու»: Ի՞նչ է նշանակում՝ «հո տանը չի՞ նստելու», այսինքն՝ ով չի ուզում տանը նստի, պետք է գա երկիր ղեկավարի՞: Ի սեր Աստծու, տարեք ձեր տուն: Ու այստեղ մի շողոքորթության, մի դեֆերամբների շքերթ է սկսվել, մարգարիտներ եք շարում, թմբկահարում եք, էս ի՞նչ վիճակ է: Նույնիսկ հասել է այնտեղ, որ ներկայացնում են, թե նոր Սահմանադրությամբ նոր մարդ է կերտվելու: Տեսա՞կ՝ հոմո սովետիկո՞ւս: 60-ականերին Սովետը հայտարարեց, որ ԽՍՀՄ-ը նոր մարդու տեսակ է կազմավորում՝ հոմո սովետիկուս: Եւ դուք ի՞նչ՝ հոմո սերժիկո՞ւս եք ձեւավորում: Էս ի՞նչ  քծնանքի շքերթ է: Դուք գնում եք շատ մեծ ռիկսի: Սա քաղաքական քյալլագյոզություն է»:

Դիտվել է 127 անգամ
 


Այս թեմայով