Սա քաղաքական հետապնդման նմանվող քայլ է. Նարեկ Սամսոնյանն` իրեն ոստիկանություն հրավիրելու մասին

Նարեկ Սամսոնյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր առավոտյան Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչության Կիբեռհանցագործությունների վարչության պետի կողմից գրությունը է ստացել: Մինչ այդ Սամսոնյանը տեղեկացել էր, որ իրեն ոստիկանություն են հրավիրում ինչ-որ դիմումի հիման վրա , որը կապված է սոցցանցերում արված գրառումների հետ:

Politik.am-ի հետ զրույցում Սամսոնյանն ասաց, որ Ոստիկանությունից ստացած  գրության բովանդակության մեջ որևէ արտառոց բան չի եղել: Իրավական առումով  որոշ մասեր  կան, որոնց մասին կհայտնի Ոստիկանությունից դուրս գալուց հետո.

«Մի փաստ կա, որը հետևյալն է` իշխանությունների քաղաքական կուրսը չկիսող գործիչների, հասարակության սովորական անդամների նկատմամբ  ոստիկանության ցանկացած տեսակի միջամտություն, որը կապված է կարծիք արտահայտելու ազատության կամ այդ ազատությունը սահմանափակելու հետ, ըստ էության, քաղաքական հետապնդման է նմանվում»:

Սամսոնյանն ասաց, որ մինչ Ոստիկանության 6-րդ վարչություն գնալը այսքանը կարող է  ասել, բայց վստահ է՝ դրանից հետո շատ կոնկրետ հայտարարությամբ հանդես կգա:

 

Այս թեմայով