Սա պետական դավաճանություն է

692312Ստեղծվել է նախաձեռնություն, որը դեմ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վավերացմանը: Նախաձեռնությունը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.«Հունիսի 3-ին Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին: Առաջիկայում այս համաձայնագիրը քննարկան է դրվելու Ազգային ժողովում:

Ըստ այս համաձայնագրի ստեղծվելու է Հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին, որը կարգավորվելու է Ռուսաստանի կողմից: Այսինքն խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի համապատասխան մարմինները համակարգվելու են Ռուսական բանակի կողմից: Հնարավոր կոնֆլիկտի ժամանակ Հայաստանի հակաօդային պաշտպանությունը չի կարողանալու ինքնուրույն որոշումներ կայացնել և պարտավոր է լինելու գործողությունները համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության հետ:

Սա պետական դավաճանություն է, քանի որ պատերազմական իրավիճակում հենց հակաօդային պաշտպանությունն է որոշում պատերազմի ընթացքը: Այսպիսով Ռուսաստանը հնարավորություն կստանա իր շահերից ելնելով, պաշտպանել կամ չպաշտպանել Հայաստանի օդային տարածքը: Այս համաձայնագիրը անթույլատրելի է, քանի որ Հայաստանի օդային տարածքը հանձնվում է ուրիշ երկրի, դա կլինի Ռուսաստանը, Ամերիկան թե Չադը:

Մեր պահանջն է ոչ մի դեպքում թույլ չտալ այս համաձայնագրի ստորագրումը (նախորոք որոշված վայրում) զանգվածային բողոքի ակցիա կազմակերպելով:

Ակցիան չի ներկայացնելու որևէ կուսակցության կամ անձի շահերը, այլ ներկայացնելու է միայն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը:

Այսպիսով այս հարցը դնում եմ հանրային քննարկման: Ակցիայի կազմակերպման հետ կապված ցանկացած առաջարկ, խորհուրդ բողոք կքննարկվի կազմակերպիչների կողմից և անհրաժեշտության դեպքում կընդգրկվի կազմակերպման պլանի մեջ»,-նշվում է հայտարարության մեջ:

Դիտվել է 966 անգամ
 


Այս թեմայով