Սա խայտառակություն է. Նաիրա Զոհրաբյան

Naira_Zohrabyan1Որքան էլ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահը շատ ազնվորեն, համբերատար բացատրի, թե ինչու է Հայաստանում բենզինի գինը բարձր ի համեմատ հարևան երկրների, մասնավորապես՝ Վրաստանի, նրա բոլոր ջանադիր բացատրություններում ինչ-որ բան անհիմն էր կամ էլ Հայաստանում բենզինը ածխաջրածնից չեն ստանում:
ԱԺ ամբիոնից Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ծրագրի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ելույթով հանդես եկած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ավելացնելով. «Փաստ է, Հայաստանում բենզինի գները բարձր են, իսկ նավթի գները իջնում են: Այս դիլեման ինչպե՞ս է լուծվում Հայաստանում այնպես, որ բենզինի գները չեն իջնում, որևէ տրամաբանական բացատրություն սրան չեն գտնում»:

 Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ խայտառակություն է կեղծ զեղչերի խնդիրը. «Սա խայտառակություն է, բոլոր բրենդային խանութներում, որոնք պատկանում են տարբեր օլիգարխների կամ կիսաօլիգարխների կամ իրենց օլիգարխների ցանկում գրանցած տարբեր անձանց, այսպես կոչված` զեղչերի համար նախատեսված ամիսներին այլ գին է, հետո, իբր զեղչի ժամանակ ապրանքի գինը բարձրացնում են, վրան գրում են` 30-40 տոկոս զեղչ և ներկայացնում, որ իբր ապրանքն այդքան զեղչված է»:

 Ըստ նրա՝ սա վերաբերում է բոլոր բրենդային խանութներին: Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց իր հայտարարությունը դիտարկել որպես հաղորդագրություն:

 Անդրադառնալով նախորդ ելույթ ունեցողներից մեկի դիտարկմանը, որ գները տնտեսվարողները բարձրացնում են «ըստ իրենց զգացողության», Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Կարող է ` ինչ-որ մեկը դիտել է Ռենուարի նկարներից մեկը ու նրա մոտ, հնարավոր է, այդ հոգեկան վերելքի ազդեցության տակ որոշել է գին բարձրացնել»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, գները չպետք է բարձրանան ինչ-որ մեկի ներքին զգացողությամբ, մանավանդ, եթե խոսքը պարենային ապրանքների մասին է:

 Նա նկատեց, որ ամեն օր տեսնում ենք, թե ինչպես այս օլիգարխներին պատկանող խանութներում 30-40 դրամով, շատ աննկատ, «տերյանական հուշիկ քայլերով» գները բարձրանում:

 Նա կոչ արեց այդ ներքին զգացողության պոետական հատվածը հանել բառապաշարից և խոսեց նաև այն մասին, որ չնայած օրենսդրորեն նախատեսված է, որ գնված ապրանքը 14 օրվա ընթացքում ենթակա է վերադարձի, սակայն բոլոր խանութներում` a4 ֆորմատի վրա բացահայտ ապօրինաբար`գրված է, որ գնված ապրանքը ենթակա չէ վերադարձի:

Դիտվել է 131 անգամ
 


Այս թեմայով