Սա «Էլեկտրիկ Երևանը» չէ, մի շփոթեք, իշխանություններ

PPC-1024x682Հայաստանի նորանկախ պատմության մեջ ամենաճակատագրական, նմանը չունեցող իրավիճակ է, որի ոչ ճիշտ շարունակության դեպքում երկու կողմից էլ կլինեն աննախադեպ զոհեր, որն ուղիղ կերպով Հայաստանը կշպրտի անդունդ, որից դուրս գալ չեն կարող ոչ իշխանությունները, ոչ էլ ժողովուրդը: Սա երկրաշարժին համարժեք իրողություն է, որի հետևանքներն ուղակի կանխատեսել հնարավոր չէ:

Զինված գործողության դեպքում ամեն ինչ լինելու է շատ ավելի վատ, քան որևէ մեկը կարող է պատկերացնել, և հատկապես իշխանություններն ասելու են, բա հայի հետին միտքը իմը չլինե՞ր: Բայց դրանք մնալու են զուտ որպես ափսոսանքի խոսքեր և ոչինչ ավելին: Կ

րկնում եմ, զինված հարձակման սցենարի դեպքում ունենալու ենք աննախադեպ քանակությամբ զոհեր, աննախադեպ անկառավարելի վիճակ, աննախադեպ հետևանքներ, անխուսափելի քաղաքացիական պատերազմ: Զոհվելու են նաև այս ամենի հետ կապ չունեցող բազում քաղաքացիներ, Հայաստանը վերածվելու է աննկարագրելի խառնարանի, որի հետևանքը լինելու է այն, որ ունենալու ենք անկառավարելի վիճակ, որի ընթացքում շունը տիրոջը չի ճանաչելու: Դժվար չէ կռահել, որ երկու իրար՝ բացարձակ զիջելու անպատրաստ զինված կողմերը փրթելու են իրար՝ մինչև վերջ: Զինված խմբում զոհվելու են բոլորը, իսկ հակառակ կողմից ոչ պակաս թվով ոստիկաններ և ամենակարևորը, անմեղ ժողովրդից զոհվելու են շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ:

Ես ոչ Նոստրադամուսն եմ, ոչ էլ Վանգան, սակայն սթափ տրամաբանությամբ զգում եմ, որ զինված հարձակման պարագայում տեղի է ունենալու աներևակայելին, որը ժողովրդին չի կարող անտարբեր թողնել և սկսվելու է եռակողմ՝ իշխանություն-զինված խմբավորում-ժողովուրդ քաոսային պատերազմ, որը ըստ առողջ տրամաբանության վերածվելու է քաղաքացիական պատերազմի և Հայաստանի փրկության շանսերը դառնալու են զրոյական: Ժամանակը թույլ չի տալիս շարունակելու… Իշխանություններ, խնդրում եմ սա ընդունեք որպես կոչ, սա «Էլեկտրիկ Երևանը» չէ…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ  Հայաստանի քաղաքացի 20.07.2016թ. ժ. 1:20

Դիտվել է 262 անգամ
 


Այս թեմայով