Սա ավելի շատ ժամանակավոր Կառավարության ծրագիր է, քան առաջին 5 տարվա․ Մարգարիտ Եսայան

Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ վերջնականորեն ավարտել են ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները, և ՀՀ-ում կլինի 12 նախարարություն:

Հնարավոր կրճատումների, բողոքի հնարավոր ալիքների, նաև՝ Կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրի մասին Politik.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի հետ: Նախարարությունների օպտիմալացմանն անդրադառնալով՝ Մարգարիտ Եսայանն ասում է.

«Բնականաբար, օպտիմալացում գեղեցիկ բառի տակ կրճատումներ են ենթադրվում, և սա այդ դեպքերից մեկն է: Նախարարությունները կրճատելով՝ մենք կունենանք մարդիկ, որոնք կզրկվեն աշխատանքից: Խոսքը ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր մարդկանց մասին է: Այդ մասին մենք նախընտրական շրջանում զգուշացրել էինք: Ես կարծում եմ՝ այս գործազրկության ալիքը դեռ մեծանալու է, և խորհրդարանական ընտրությունների ժամանակ այն քաղաքացիները, որ ձայն են տվել «Իմ քայլը» դաշինքին, մեծ հիասթափություն են ապրելու (և արդեն ապրում են): Եթե դու այլընտրանք չես առաջարկում՝ կրճատելով կամ օպտիմալացնելով, նոր աշխատատեղեր չեն բացվում, հիասթափությունն անխուսափելի է: Ես կուզեի, որ օպտիմալացմանը զուգահեռ երկրի վարչապետը հայտարարեր նաև, որ նոր աշխատատեղեր են բացվում, նոր ներդրումներ կան, որ այդ մարդիկ դուրս չեն մնա: Պետք է հաշվի առնել, որ գործազուրկ դարձող հարյուրավոր մարդիկ անձեր չեն միայն. նրանցից յուրաքանչյուրը ունի ընտանիք, և այդ ընտանիքում նվազագույնը 3-4 մարդ է ապրում: Պատկերացնու՞մ եք՝ սոցիալական ինչպիսի վիճակում են այդ ընտանիքները հայտնվելու»:

Թե ինչպե՞ս պետք է Կառավարությունը լուծի այդ խնդիրը, Մարգարիտ Եսայանը չի պատկերացնում.«Ցանկացած Կառավարություն, այն էլ՝ ժողովրդի այդ ալիքի վրա իշխանության եկած Կառավարություն, պետք է առաջին հերթին զբաղվեր ներդրումներով, աշխատատեղերի ստեղծմամբ, ինչը չի արել, դրա համար էլ պետք է պատասխան տա իրեն ձայն ժողովրդին, և այդ պատասխանը, վստահաբար, պահանջելու են խստորեն: Մարդիկ կհավաքվեն ու կներկայացնեն իրենց բողոքը: Ես չեմ նախանձում Կառավարությանը և վարչապետին»:

Մեր այն հարցին, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ մայիսին լինելու դեպքում, ինչպես քննարկվում էր նախապես, իշխանությունը կգրանցե՞ր նույն բարձր ցուցանիշները, Մարգարիտ Եսայանը պատասխանում է.«Վստահաբար, պատկերը այլ էր լինելու, և վարչապետը դա գիտակցում էր: Նա շատ լավ պակերացնում էր, թե մի քանի ամիս հետո ինչ է լինելու, էյֆորիայի ինչպիսի անկում է գրանցվելու, դրա համար էլ ընտրությունները շտապողաբար տեղի ունեցան»:

Անդրադառնալով Կառավարության առաջիկա 5 տարվա ծրագրին՝ Մարգարիտ Եսայանը ասաց.«Այս Կառավարության ծրագիրն ինձ հիշեցնում է գրագետ գրված շարադրություն: Ես ուղղակի զարմանում եմ, որ ոմանք հիանում են այն հանգամանքով, որ այս ծրագրում չկան թվեր, և չկան կոնկրետ խոստումներ: Զարմանում եմ նաև ծրագիր կազմողների վրա, որ որևէ կոնկրետ թիվ, կոնկրետ ժամկետ գոյություն չունի, որևէ կետ բացված չէ: Ես կարծում եմ՝ սա ավելի շատ ժամանակավոր Կառավարության ծրագիր է, քան առաջին 5 տարվա: Ես առանձնապես մեծ վստահություն չունեմ այս Կառավարության հանդեպ, թե այնքան խորաթափանց են և այնքան պրոֆեսիոնալ, որ այդ չիմացված կետերով իրենք կարողանան արդյունք գրանցել հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ժողովրդի սոցիալական խնդիրների»:

Մարիամ Սարգսյան

Այս թեմայով