Սարգսյանն ու Պուտինն այսօր Մոսկվայում կհանդիպեն

պուտինՀայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր կմեկնի Մոսկվա։

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այցի շրջանակներում բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև Եվրասիական տարածում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր։

Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մամլո ծառայությունները նույն հաղորդագրություն են տարածել։ Հաղորդագրություններում չի հիշատակվում ղարաբաղյան հիմնախնդիրը։

Ռուսական «Նովոստի» պետական լրատվական գործակալությունը, իր վերլուծական հոդվածում գրում է, որ Պուտինը և Սարգսյանը հենց ղարաբաղյան խնդիրն են այսօր քննարկելու։

Գործակալությունը նշում է, որ Հայաստանում իրավիճակը բարդ է, որ հայկական որոշ ընդդիմադիր կուսակցություններ ֆինանսավորվում են Արևմուտքից և մտադիր են տապալել գործող իշխանություններին։ Ինչը, հոդվածի հեղինակի կարծիքով, ինքնասպանություն է ղարաբաղյան խնդիր ունեցող Հայաստանի համար։ Իսկ ղարաբաղյան հակամարտությունն էլ հայտնվել է գերտերությունների հետաքրքրությունների խաչմերուկում։

«Այն վճռականությունը, որ ցուցաբերել է Սերժ Սարգսյանը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման հարցում թույլ է տալիս հուսալ, որ Սարգսյանը պատրաստ է երկրի տնտեսության հարցերում լուրջ քայլերի գնալ և մտադիր է Պուտինին փոխանցել կոնկրետ առաջարկներ, սակայն Պուտին-Սարգսյան հանդիպման առանցքային հարցը Ղարաբաղն է լինելու», — ասվում է հոդվածում։

Հոդվածագիրը նաև կարծիք է հայտնում, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Պուտինը դարձել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միակ հեղինակավոր միջնորդը և Վաշինգտոնին սա դուր չի եկել։ «Դրա համար Արևմուտքը կազմակերպել է ՊՊԾ գնդի տարածքի գրավումը Հայաստանում, որի նպատակն էր տապալել Ալիևի և Սարգսյանի միջև նախնական պայմանավորվածությունները», — գրել է ռուսաստանցի լրագրողը։

Ըստ «Նովոստի»-ի, Սերժ Սարգսյանի համար արդեն բարդ կլինի գնալ զիջումների, և հենց այս իրողությունն է Հայաստանի նախագահը փորձելու հասցնել Պուտինին այսօրվա բանակցությունների ժամանակ։

 


Այս թեմայով