Սարգսյանն ու Ալիևը կհանդիպեն

Սերժ Սարգսյան — Իլհամ Ալիև հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ Ժնևում, այս մասին այսօր իշխող Հանրապետականի գործադիր մարմնի նիստից հետո ասաց Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում կուսակցության և երկրի ղեկավարը տեղեկություններ է ներկայացրել Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովից և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների նիստից: Նաև հպանցիկ անդրադարձանք հաջորդ շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայանալիք հանդիպմանը, որը նախաձեռնել են Մինսկի խմբի համանախագահները»,- ասաց իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորը։

Աշոտյանն ընդգծեց, որ չնայած ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին, այդուհանդերձ, Հայաստանի նախագահը, հավատարիմ լինելով բանակցային գործընթացի ձևաչափին, գնում է հանդիպման:

ՀՀԿ փոխնախագահի կարծիքով՝ բանակցային գործընթացի հաջող ընթացքի համար պետք է վերականգնել հարևանների հանդեպ ապրիլյան պատերազմից առաջ ունեցած թեկուզ թույլ հավատի թելերը: «Բանակցային գործընթացը շունակվում է, բայց այս փուլում առավել կարևոր է այդ գործընթացի մեջ միջավայրի վերականգնումը, որը թույլ կտա առավել լավատեսորեն նայել դեպի բանակցային ապագա»։

Երեկ ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքին Սոչի էին ժամանել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի նախագահները, այդուհանդերձ, Սարգսյան-Ալիև հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ: Իշխող ուժի փոխնախագահն ասաց, որ Ռուսաստանում հանդիպում չի եղել, քանի որ նման հանդիպումը պարզապես նախատեսված չէր:

 


Այս թեմայով