Սարգսյանի լռության պատճառը հայտնի է

Այս պահին Հայաստանի ներքաղաքական կյանքի  ամենակարևոր հարցն այն է, թե ո՞վ է լինելու երկրի ղեկավարը՝ վարչապետը:
Իշխող կուսակցության ներկայացուցիչներն առանց վարանելու հայտարարում են, որ երկրի փրկությունը հնարավոր է միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարության ներքո: Իհարկե, ՀՀԿ-ականները մոռանում են, որ նման կործանարար վիճակի Հայաստանը հասել է Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք, բայց սա այլ հարց է, և ոչ այս նյութում քննարկվող թեմա:
ՀՀԿ-ականների ակտիվության ֆոնին մի տեսակ տարօրինակ է Սերժ Սարգսյանի պասիվությունը: Վարչապետի ընտրությանը հաշված օրեր են մնացել, իսկ նա դեռ լռում ու լռում է:
Սարգսյանի լռությունը՝ որոշ փորձագետների կարծիքով, կարող է խոսել անակնկալի մասին, որը նա պատրաստվում է մատուցել: Նրանք կարծում են, որ գործող նախագահը կարող է չառաջադրվել և պահել՝ իր դեռ 2014 թվականին տրված խոստումը, սակայն պետք է նկատել, որ Սարգսյանի լռության պատճառները բոլորովին այլ են: Սերժ Սարգսյանը լուռ է, որպեսզի կասեցնի իշխանության ներսում իր հակառակորդների հնարավոր կոնսոլիդացիան:
Բանն այն է, որ նա դեռ 2016 թվականին Կարեն Կարապետյանի հովանավոր ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանին խոստացել է, որ 2018 թվականից հետո չի շարունակելու ղեկավարել երկիրը և ղեկը փոխանցելու է վարչապետ Կարապետյանին: Հիմա, երբ նա ցանկություն չունի փոխանցելու ղեկը, և պատրաստվում է շարունակել իշխանությունն իր ձեռքում պահել, մեծ միամտություն կլինի հայտարարել այդ մասին:
Սարգսյանը հասկանում է, որ եթե վարչապետի ընտրություններից ամիսներ առաջ նա հայտարարի իր մտադրության մասին, ապա հակառակ կողմը կկարողանա քայլեր ձեռնարկել և կարող է խափանել նրա պլանները:
Այս ամենից ելնելով, նա դեռ հույս է տալիս կարապետյանական թևին, որ ամեն բան կորած չէ ու դեռ շանս կա օրինական ճանապարհով իշխանությունը վերցնել:
Եվ երբ առաջադրվելու մասին հայտարարվի ընտրությունից մի քանի օր առաջ, ապա այդ դեպքում կարապետյանական թևը ոչինչ չի հասցնի ձեռնարկել ու ստիպված կլինի ընդունել Սերժ Սարգսյանի գերակայությունը:

 

Այս թեմայով