Սարգսյանը կոչ է արել ԱՊՀ երկրներին պայքարել Ալիևի դեմ

Երեկ, Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ անցկացվեց ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը:

Նիստին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը հանդես եկավ ելույթով: Նա կարևորեց այն քայլերի իրագործումը, որոնք նախանշել էին ԱՊՀ երկրների ղեկավարները անցյալ տարվա հանդիպման ընթացքում:

Սերժ Սարգսյանը իր խոսքում անդրադարձ կատարեց նաև ֆաշիզմի և քսենոֆոբիայի մերօրյա դրսևորումներին, ակնհայտ ակնարկելով Արդբեջանի հայատյաց քաղաքականությունը.  «Համոզված եմ, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը ևս մեկ առիթ է հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը: Հայաստանում չկա որևէ ընտանիք, որի կողքով անցած չլինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաև լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի և ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար»,-հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Պետք է նկատել, որ Սերժ Սարգսյանը իր ելութում որևէ կերպ չի անդրադարձել ղարաբաղյան խնդրին: Սա կարծում ենք Հայաստանի կոշտ պատասխանն է Ադրբեջանին: Ինչպես  հայտնի է օրերս Ադրբեջանի նախագահ Ալիևը ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, եւ բանակցությունները վերսկսվում են առանց դրա: Այս կերպ Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ, որ հայկական կողմը չի պատրաստվում գնալ զիջման ու բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ Ադրբեջանը չի ընդունել Հայաստանի կողմից առաջ քաշված նախապայմանները:

Հետաքրքիր է, որ ադրբեջանական ոչ մի ԶԼՄ՝ Սոչիի հանդիպումից անգամ մի քանի ժամ հետո, մանրամասն լուր չէր ներկայացրել տեղի ունեցած նիստի մասին: Անգամ նախագահ Ալիևի ելույթից հատվածներ չէր հրապարակվել ադրբեջանական մամուլում: Ամենայն հավանականությամբ ադրբեջանցիները այդքան էլ գոհ չեն Սոչիի հանդիպումից:

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի

 


Այս թեմայով