Սասուն Միքայելյանի վատությունը Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն ու ԱԺ Ծառուկյան դաշինքի 9 պատգամավոր քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկ մականունով հայտնի Ալիկ Բանդուրյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել դատարան: Այս տեղեկատվությունը երեկ հրապարակեց  «Հայկական Ժամանակ» օրաթերթը:

Այս ամենի մեջ ամենաաբսուրդայինը ԵԼՔ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման առանցքային դեմքերից Սասուն Միքայելյանի մասնակցություն էր:

Սասուն Միքայելյանը այս պահին ներկայացնում է մի իշխանություն, որը հայտարարել է, որ պայքարելու է նաև քրեական հեղինակությունների և «օրենքով գողերի» դեմ, որոնք խաթարում են Հայաստանի ներքին անդորրը: Վերջին շաբաթների ընթացքում ՀՀ ոստիկանությունը մի շարք հատուկ գործողություններ է իրականացրել քրեական հեղինակությունների դեմ: Մամուլում հայտնվեցին տեղեկություններ նաև այն մասին, որ Հայաստանում բնակվող 12 «օրենքով գողերը» վտարվել են երկրից:

Այս քայլերը հասարակության մեջ ստեղծել էին հստակ պատկերացում, որ նոր իշխանությունները քրեականների հետ միևնույն սեղանի շուրջ չեն նստի ու թույլ չեն տա նրանց խառնվել պետական հարցերին:

Սասուն Միքայելյանի քայլը հարված էր ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին և համաժողովրդական շարժմանը: Նա ստորագրել է երաշխավորագրի տակ, որը ենթադրվում էր, որ ազատություն պետք է պարգևեր բազմաթիվ հանցագործություններով հայտնի մեկին, ով կալանքի տակ է մի քանի մարդու սպանություն պատվիրելու մեղադրանքով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չպետք է անպատասխան թողնի այս քայլը: Սասուն Միքայելյանը առնվազն պետք է բացատրություն տա, թե ինչ դրդապատճառներով է ստորագրել Նորատուսցի Ալիկի ազատության համար: Արդյո՞ք պատգամավորի և քրեակական հեղինակության կապը չի խանգարի հեղափոխության հռչակած սկզբունքների ամբողջական կյանքի կոչելուն:

Անի Սամսոնյան

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache