Սասուն Միքայելյանը կզբաղեցնի Մանվել Գրիգորյանի տեղը. Արամ Սարգսյանին մեկուսացնում են

Երկրապահ կամավորականներն՝ իր ստեղծման օրվանից, կանգնած է եղել օրվա իշխանությունների կողքին: Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի կողմից ստեղծված այս կառույցը ծառայել է, որպես մահակ նախկին բոլոր իշխանությունների ձեռքին: Թավշյա հեղափոխությունից հետո, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց: Նրան մեղադրեցին բանակից սննունդ և ռազմական տեխնիկա գողանալու մեջ: Գրիգորյանի ձերբակալությունից հետո, ԵԿՄ-ականները ամեն կերպ խուսափեցին Մանվել Գրիգորյանի հետ առնչվել և փորձում էին վարչության նոր նախագահ գտնել:

Ամիսներ առաջ ԵԿՄ պաշտոնապես հայտարարեց, որ վարչության  փոխնախագահներ Արա Կետիկյանը, Ղուկաս Ուլիխանյանը և Համլետ Հայրապետյանը, ի մի բերելով մարզային խորհուրդներից, տարածքային բաժանմունքներից ԵԿՄ անդամներից ստացված առաջարկությունները, վարչության նախագահի պաշտոնում ներկայացրել են ԵԿՄ անդամ, ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի թեկնածությունը:

Արամ Սարգսյանը հուլիսի 5-ին հրավիրված նիստի ժամանակ հայտարարել էր. «Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնելու, իրավունք չունեմ հետամուտ չլինելու այն խնդիրներին, որոնք այսօր առկա են այն սերնդի մոտ, որ 90-ականներին փառքով տարավ պատերազմական ծանր լուծը ՝ պաշտպանելով Արցախը: Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ ունենալով ձեր մեջ փառավոր մարտական ուղի անցած տղաներ, նախընտրում եք ինձ»:

Ամիսներ անց, երբ ԵԿՄ-ում հասկացան, որ Արամ Սարգսյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության մաս չի կազմում, փորձում են այլ թեկնածու առաջադրել: Ինչպես  արդեն նկատել էինք՝ ԵԿՄ-ն օրվա իշխանությունների սպասարկուն է եղել և իրենց պատկերացումներով նրանք չեն կարող ունենալ ղեկավար, ով կապ չունի օրվա իշխանությունների հետ:

Եվ ահա այսօր արդեն ԵԿՄ վերնախավի ընտրությունը կանգնել է Նիկոլ Փաշինյանի զինակից Սասուն Միքայելյանի վրա: Միքայելյանն էլ կարծես դեմ չէ, որ ինքը այս ուժը իր ենթակայության տակ վերցնի, քանի որ այդ կերպ իշխանության ներսում կմեծանա նրա կշիռը:

ԵԿՄ-ի որոշ անդամներ օրերս նիստ են անցկացրել, որին մասնակցել է նաև Սասուն Միքայելյանը: Նիստի ժամանակ ներկա և նախկին ԵԿՄ-ականները հայտարարել են, որ Սասուն Միքայելյանը պետք է առաջադրվի, իսկ Միքայելյանը կարծես տվել է իր համաձայնությունը: Բայց նաև Արամ Սարգսյանը կարծես մարտական է տրամադրված: Օրերս նա լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ որևէ ԵԿՄ-ական դեմ չէ իր առաջադրմանը ու ինքը համաձայն է ղեկավարել այդ կառույցը:

Հ.Գ. Ի դեպ պետք է նկատել, որ Սասուն Միքայելյանի քայլը շատերը բարոյապես ճիշտ չեն համարում, քանի որ նա երկար տարիներ  ԵԿՄ անդամ չէ, իսկ ամիսներ առաջ վստահ էր, որ կառույցը պետք է լուծարվի:

Այս թեմայով