«Սասնա ծռեր» խմբի տղաներին «սպանում են»

13731444_977093322388187_8347193636171153416_nԱյն որ «Սասնա ծռեր» զինված խմբի տղաները վայելում են հանրության լայն շերտերի  վստահությունը՝ միանշանակ է: Այս փաստը չէր կարող չանհանգստացնել ՀՀ գործող իշխանություններին: Վերևներում հասկանում են, որ այսպես շարունակվելու դեպքում իրենք այլև չեն կարողանա գրոհ կազմակերպել, քանի որ «Սասնա ծռերի» նկատմամբ գրոհը հանրության մի մեծ շերտի ոտքի կկանգնեցնի և հետագա զարգացումներն իսկապես անկանխատեսելի են:

Ահա այս է պատճառը, որ արդեն մի քանի օր է իշխանությունները ջանասիրաբար փորձում են նսեմացնել տղաների հեղինակությունը: Սկզբում փորձեցին օգտագործել զինյալներից մեկի ծնողների դժգոհությունը, որը սակայն հանրության մոտ հակառակ արդյունքը տվեց և շատերը այն որակեցին, որպես ոստիկանության կազմակերպած շոու: Հետո փորձեցին հանրությանը համոզել, որ խմբի ներսում տարաձանություններ կան և ԱԱԾ-ն հրապարակեց ինչ- որ ձայնագրություններ, որն ըստ պաշտոնական վակրածի արվել է ՊՊԾ գնդում և լսվող ձայները ապստամբ տղաներինն են: Այս խայծն էլ հանրությունը կուլ չտվեց:

Երկու օր առաջ «Սասնա ծռեր» խմբի տղաները հայտարարեցին, որ իրենց մոտ գնացած բուժանձնակազմին թույլ կտան դուրս գալ գնդի տարածքից, եթե նրանց փոխարինողներ գան: Քանի որ վերջին չորս օրերի ընթացքում իշխանությունները տղաներին չէին ապահովել սննդով և բժշկական անձնակազմով՝  խմբի տղաներին կարծես ընտրության հնարավորություն չէր տրվել: ԵՎ ,ահա, այս հանգամանքից էլ սկսեցին օգտվել իշխանությունները: Բժիշկներին հայտարարեցին պատանդներ, այն դեպքում, երբ ներսում գտնվող բժիշկներից մեկի մայրը հայտարարել էր, որ խոսել է իր որդու հետ և վստահ է, որ որդու հետ ամեն ինչ կարգին է և որ ամենակարևորն է՝  իր որդին իրեն պատանդ չի համարում:

Հիմա շատերը հարց կտան, թե իշխանությունների ինչի՞ն է պետք այս ամենը: Ահա այստեղ է, որ պետք է հասկանալ իշխանության քայլերի տրամաբանությունը: Նրանք հասկանում են, որ քանի հանրության սրտերում չեն սպանել տղաներին, դժվար կլինի նրանց վրա գրոհել: Եվ հիմա խնդիր է դրված հանրության սրտերում սպանել «Սասնա ծռեր» խմբի տղաների մարդկային կերպարը, որից հետո անհրաժեշտության դեպքում  կարող են նաև ֆիզիկապես սպանել նրանց:

Այս ամենը հաշվի առնելով է, որ հանրությունը պետք է շարունակի իր ուշադրության կենտրոնում պահել ՊՊԾ գնդում գտնվող տղաներին: Չպետք է շեղվել այս ամենից և պետք է ուշադիր լինել, որպեսզի իշխանության կողմից շինված կեղծ օրակարգերը մոռացնել չտան, թե հանուն ինչի է պետք պայքարել: Պետք է հասկանալ, որ ՊՊԾ գնդում գտնվող տղաների կյանքերը կապված են մեզանից: Նրանք իշխանության ներկայացուցիչների կողմից կսպանվեն, այն ժամանակ, երբ այդ նույն իշխանության քարոզչամեքենայի շնորհիվ սպանվեն հանրության սրտերում:

 


Այս թեմայով