Սանասարյանը կմասնակցի՞ ՌԴ դեսպանատան մոտ կայանալիք բողոքի ակցիային

Դեկտեմբերի 2-ին ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիա տեղի կունենա հետևյալ կոչով` «Մենք չենք մոռացել ռուսական կողմի նենգ քայլը ուղղված հայ ազգի դեմ, և պայքարելու ենք մեր հայրենիքի լիակատար ինքնիշխանության և ազատության համար»:

Բողոքի ակցիայի կազմակերպիչ Ավետիս Ավետիսյանը նշեց, որ այս ակցիայով ուզում են ցույց տալ Ռուսաստանին, որ վերջինս հորինված, կեղծ բարեկամություն է խաղում, բայց շարունակում է զինել հակառակորդին:

Կազմակերպիչն ասաց, որ այս ակցիան առաջին անգամ չի կազմակերպվում, նախորդ տարիների կազմակերպիչներ են եղել այժմ ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը և այլք:

Դավիթ Սանասարյանը ՌԴ դեսպանատան մոտ կայացած ցույցերին հաճախ է մասնակցել: 2016 թվականին համախոհների հետ անգամ ձու է նետել ՌԴ դեսպանատան վրա (տեսանյութը՝ ստորև):

Հետաքրքիր է՝ այս տարի և՞ս Դավիթ Սանասարյանը կմասնակցի ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիային, թե՞ նոր պաշտոնում իրեն նման բան թույլ չի տա:

Բողոքի ակցիայի այս տարվա կազմակերպիչ Ավետիս Ավետիսյանը չգիտի՝ Սանասարյանը կմասնակցի՞.

«Հնարավոր է՝ չմասնակցի, բայց ամեն դեպքում միջոցառումը նոր է կազմակերպվել: Մինչև դեկտեմբերի 2-ը ժամանակ կա: Գուցե որոշի մասնակցել: Թեև ես այդպես չեմ կարծում»:

Politik.am-ը կապ հաստատեց նաև Դավիթ Սանասարյանի ՀՀ պետական վերահսկողության ծառայության Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Զարուհի Մեջլումյանի հետ՝ պարզելու՝ Սանասարյանը մասնակցելու՞ է ակցիային, թե՞ ոչ: Մեջլումյանը մեզ խնդրեց հղումներ ուղարկել, որտեղ երևում է Սանասարյանի՝ նախորդ տարիներին ՌԴ դեսպանատան մոտ կայացած ակցիաներին մասնակցությունը, որոնք ուսումնասիրելուց հետո կպատասխանի մեզ: Politik.am-ը լուրը ստանալուն պես կտեղեկացնի ընթերցողին:

 

Տեսանյութը՝ Aravot Daily-ից:

Այս թեմայով