Սամվել Բաբայանը կարող է դառնալ Արցախի նախագահ

Արցախում քաղաքական իրավիճակը ևս թեժանում է: Հունիսի 10-ին Արցախ վերադարձավ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը` ով մեծ հեղինակություն է վայելում տեղում: Սամվել Բաբայանը մեկ անգամ էլ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էր մեկնել Արցախ և նպատակ ուներ քաղաքական ակտիվ գործունեություն ծավալել, սակայն այն ժամանակ տեղի իշխանությունները ամեն կերպ խանգարեցին նրան և թույլ չտվեցին, որպեսզի քաղաքական ակտիվություն դրսևորի, իսկ այդ այցելությունից կարճ ժամանակ անց նա ձերբակալվեց:

Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է և Հայաստանում լեգիտիմ իշխանությունների առկայության պարագայում Արցախում չեն կարող այլևս խանգարել Սամվել Բաբայանին: Արցախում էլ լավ են հասկանում, որ ժողովրդավարական Հայաստանի կողքին իրենք չեն կարող իրենց նախկին ձևով պահել:  Իրավիճակն այնքան է փոխվել, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը ոչ թե խանգարում է Բաբայանին, այլ հանդիպում հետը և քննարկում երկրի անվտանգությանը վերաբերվող հարցեր:

Բակո Սահակյանին ղեկավարելու կարճ ժամանակ է մնացել և նա արդեն հանրային խոստում է տվել, որ չի առաջադրի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունը: Արցախում այս պահին չկա այնպիսի հեղինակավոր գործիչ, ով կկարողանա խանգարել Սամվել Բաբայանին՝ վերցնել երկրի իշխանության ղեկը:

Սակայն պետք է նկատել, որ Արցախի նոր Սահմանադրությամբ 2017-2020 թթ. երկրի համար սահմանվել է անցումային ժամանակաշրջան, մինչեւ Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո արդեն տեղի կունենան Արցախի նախագահի համապետական ընտրություններ: Բակո Սահակյանը հենց այս պահանջի շնորհիվ էր, որ առանց համաժողովրդական քվեարկության` ԱՀ ԱԺ մեծամասնության ձայներով  ընտրվեց նախագահ:

Բակո Սահակյանը՝ որպես անցումային ժամանակաշրջանի ղեկավար, դեռևս հնարավորություն ունի ղեկավարել մինչ 2020 թվականը: Այստեղ հարց է, արդյո՞ք  Բաբայանը կսպասի երկու տարի, թե՞ կփորձի ժողովրդական ճնշման միջոցով ստիպել Սահակյանին ավելի շուտ հեռանալ իշխանության ղեկից:

Այս թեմայով