Home » ՄԱՄՈՒԼ » Սամվել Բաբայանի «հույժ գաղտնի» նամակը Վազգեն Սարգսյանին

Սամվել Բաբայանի «հույժ գաղտնի» նամակը Վազգեն Սարգսյանին

Vazgen_Sargsyan_Samvel_Baba«Առավոտը» հրապարակել է ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հրաժարականի դիմումը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նա ուղարկել էր 1998 թ. հունիսին: Մեր տրամադրության ներքո է հայտնվել նաեւ Սամվել Բաբայանի նույն շրջանում գրված «հույժ գաղտնի» նշումով նամակը ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին: Ի տարբերություն առաջին նամակի, որից հատվածներ ժամանակին լույս տեսել են՝ Վազգեն Սարգսյանին ուղղված նամակը, որքան մեզ հայտնի է, չի հրապարակվել: Ուստի նախապես մեկնաբանություն խնդրեցինք Վազգեն Սարգսյանի եղբորից՝ ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանից: Նա ասաց. «Թեեւ Վազգեն Սարգսյանը պահում էր բոլոր նամակները, եւ դրանք պահպանված են իր արխիվում (ընդ որում՝ պահպանված են ավելի քիչ հիշարժան բնույթի նամակներ)՝ այս մի նամակը չկա»: Ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ:   Հարգելի պարոն նախարար Մեր զրույցը՝ երես առ երես, այդպես էլ չկայացավ (թեեւ դա գուցե արդեն նշանակություն էլ չունի): Չկայացավ նախ երեւի հենց այն պատճառով, որ «ասում եք մի բան, մտածում այլ բան»: Ես դրանում ավելորդ անգամ համոզվեցի: Երբեք ինքս չեմ սիրել ու չեմ սիրում կեղծելն ու խաղալը՝ «թիմի մեջ», թե անհատապես: Գերադասել եմ միշտ պարզ ու անմիջական վերաբերմունք եւ նույնն էլ իրավունք եմ ունեցել սպասել դիմացինից: Միշտ անձամբ Ձեր կողքին եմ եղել. ինձ համար, խոշոր հաշվով ու վերջին հաշվով, չի եղել ո՛չ ԼՂՀ, ո՛չ ՀՀ նախագահին ենթարկվել-չենթարկվելու խնդիր. ազգային գերխնդիրն է եղել իմ առաջ: Դուք էլ չեք հանդիսացել ընդամենը ՀՀ պաշտպանության նախարար, ի՛մ նախարար. Ձեր մեջ տեսել եմ նախ ամենաավագ եղբոր, ազգին նվիրված հայի, ազգի հերոսի: Համաձայնեք՝ դա շատ ավելի բարձր, բայցեւ պարտավորեցնող է սոսկական «նախարարի» պաշտոնից ու դերից: Ինքս էլ ինձ այստեղ, թե այլուր համարել եմ բացառապես ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար: Ամեն դեպքում միշտ էլ հարգել ու հարգելու եմ Ձեզ: Ով ինչ ասում-բամբասում է կամ խոսում-բացատրում, իր խնդիրն է, ո՛չ իմ: Հուսով եմ՝ նաեւ ո՛չ Ձեր: Արդեն մի քանի անգամ, մասնավորապես՝ 1996թ. ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի նիստում զգացել եմ, որ Արցախին Հայաստանի իշխանությունները վերաբերվում են որպես «խորթ զավակի» կամ «աղքատ ազգականի»: Դուք էլ զգացիք դա, բայց տոն չտվեցիք: Ես էլ շարունակել եմ համբերել. մտածել եմ հանուն ազգային շահերի զսպել իմ, թեկուզ արդարացի, ընդվզումն ու ոչ պակաս ազգանպաստ պահանջները: Վերջին ժամանակներս վերջնականապես համոզվեցի, որ այդտեղ՝ «Ձեզ մոտ», հատուկ քաղաքականություն է որդեգրվել անվստահության հողի վրա. ես, համենայնդեպս, չեմ կարող ու չեմ էլ ուզում աշխատել այն մարդկանց հետ, ովքեր ինձ խաբում են ու չեն վստահում ինձ: Ամեն ինչ արել եմ, որ հատկապես մեր միջեւ եւ մեր ընդհանուր գերխնդրի հաջող լուծման համար որեւէ թյուրիմացություն կամ խարդավանքներ (ինտրիգներ) չհարուց(վ)են. շեշտում եմ, որ ոչ մի պաշտոնական գերիշխանություն ու հեղինակություն չեն եղել ինձ համար՝ բացի Ձեզնից: Մինչդեռ իմ նկատմամբ բազմիցս զգացել ու զգում եմ ինչ-որ անփոխադարձ խանդի կամ նման տարօրինակ բարդույթներ: Ի՞նչ ասեմ. միգուցե Ձեր շրջապատից է դա գալիս: Բայց դա չէ կարեւորը: Իմ գործունեության ընթացքում, ցավոք, միանգամից 4 հակառակորդների եմ դիմակայել. ա) թուրքը, բ) ԼՂՀ իշխանությունները, գ) ՀՀ իշխանությունները, դ) ՀՀ պաշտպանության նախարարությունը: Թեեւ սկզբունքորեն պիտի պայքարեի միայն մեկ՝ թվում էր, մնացյալ երեքի համար էլ ընդհանուր թշնամու դեմ: Այլեւս ուժ չունեմ, սակայն, եւ անհրաժեշտ էլ չեմ գտնում կռվել չորս ճակատով: Ու մանավանդ համոզված չեմ, թե ես եմ միայն կոչված ազգի հիմնահարցերը լուծելու: Հիշեցնում եմ, որ միշտ եղել եմ Ձեր անխարդախ ենթական ու ձգտել եմ սրբությամբ կատարել Ձեր բոլոր հրամանները, եթե անգամ ներքուստ երբեմն ճիշտ չեմ գտել դրանք: Չփորձելով քաղաքականացնել ծագող սխալները: Երբեք, համենայնդեպս, ինձ թույլ չեմ տվել տեղակալներիս հավաքել ու բողոքել ՀՀ պաշտպանության նախարարությունից: Ու չեմ էլ կարծում, որ նման բան կարելի է անել իմ անձի եւ անմիջականորեն իմ կողմից ղեկավարվող կառույցի դեմ. այն մարդիկ, որոնք չգիտեն էլ, թե ինչ է իրական կռիվը եւ ինչպես են ձեռք բերվել նրա այժմյան արդյունքները, ընդհանրապես իրավունք չունեն ներքաշվելու ճղճիմ ու չնչին խարդավանքների, հայոց սպայակազմին ծայրահեղ անվայել «թիմախաղերի» մեջ: Ձեզ քաջ հայտնի է, որ երբեւիցե իմ անձը չեմ ցուցադրել, եղել եմ խիստ զուսպ՝ նաեւ այլ բազում առումներով, երբեք ինքնագովազդային տեսահոլովակներ չեմ պատվիրել ու չեմ պտտեցրել: Ինչ մնում է առանձին ելույթներիս ու տվածս հարցազրույցներին, ապա եղել են ազգային բախտորոշ հարցեր ու պահեր, երբ չեմ կարծել, թե պարտավոր եմ որեւէ մեկից թույլտվություն հայցել դրանց շուրջ իմ կարծիքն ու մոտեցումները (այն էլ՝ իմ անփոփոխ համոզմամբ, իրավացի ու օգտակար) հայտնելու համար: Ի՞նչն է, սակայն, ամենացավալին ու սպառնալիցը: Վստահ եմ, որ այսպիսի ներքին քաղաքականությամբ, սոցիալ-տնտեսական ռազմավարությամբ «զարգացում» նախատեսելով՝ իրականում հետընթացի եւ կործանման ենք ազգը դատապարտում: Այս իմաստով եւս պիտի շեշտեմ, որ չեմ ուզում ինչ-որ աթոռներ պահել «հանուն թիմային» ինչ-ինչ կասկածելի շահերի: Ես իմ տղամարդկային վճիռն ընդունել եմ եւ անում եմ ինձնից ուղղակիորեն թե անուղղակիորեն պահանջվող քայլը: Ներող եղեք միայն, որ ՀՀ նախագահին եմ պաշտոնապես ներկայացրել հրաժարականիս դիմումը (հիշո՞ւմ եք՝ դեռ 1996թ., երբ Ձեզ համանման խնդրանք ուղղեցի, Դուք պատասխանեցիք, որ ինձ ՀՀ նախագահն է նշանակել, նրան էլ պետք է դիմել): Իմիջիայլոց՝ հանգիստ խղճով կարող եք ընթացք տալ նաեւ համապատասխան զինվորական կոչումիցս զրկելու հարցին: Պարոն նախարար Ընդհանրապես այն համոզմանն եմ հանգել, որ մեր միջեւ կայացած, բաց թե փակ, զրույցներն իրենք ոչ մի լավ արդյունքի չեն հանգեցրել: Այսուհանդերձ՝ էլի չեմ գտնում, թե ե՛ս Ձեզ պիտի սովորեցնեմ կամ թե ի՛մն է վերին ատյանի ճշմարտությունների մենաշնորհը. ո՞վ գիտե կամ ո՞վ հետո իմանա՝ գուցեեւ ճիշտը Դուք եք: Բայց խնդիրը դա էլ չէ: Այս ժողովուրդն է մեղք: Եվ ինչո՞ւ միայն Արցախի: Գտնում եմ, որ Հայաստանում վիճակն անգամ ավելի վատթար է, բայց ինձ իրավունք չեմ վերապահում դատել «համայն հայության» մասին եւ նրա անունից: Իսկ ամենամեծ մտավախությունս իրոք այն է, որ կարող ենք անդառնալի կորուստներ տալ (եթե արդեն չենք տալիս) Արցախի գերխնդրում: Հրադադարից հետո անցած 4 տարում շուրջ 300 (երեք հարյուր) հաղթող տղերք են հեռացել այն հողի սահմաններից, որ այնպես անձնուրաց պաշտպանել են: Մի՞թե սա չէ տագնապի ամենաբարձր ազդանշանը: Չեն կարողանում, ուրեմն, ոչ միայն տնտեսապես գոնե յոլա գնալ, այլեւ չեն հավատում իշխանությունների ուղեգծին: Ոմանց թվում է, թե, իբր, ձգտում եմ ավելի մեծ պաշտոնների հասնել, թե, իբր, ունեցածս իշխանությունն արդեն չի բավարարում: Բայց Դուք հո գերազանց կարող էիք ըմբռնել, որ Արցախում փաստացի ե՛ւ նախագահ եմ եղել, ե՛ւ վարչապետ (իսկ փաստերն ավելի «համառ բաներ են», քան այդ մոլորությունը բազմացնող բոլոր բանսարկուները՝ միասին վերցրած): Իսկ եթե դեռ համոզված չեք, ապա կարճ ընթացքում առիթներ կունենաք համոզվելու. ըստ որում՝ ո՛չ կեղծ համեստության, ո՛չ էլ անկեղծ հոխորտանքի նշույլներ մի՛ փնտրեք այստեղ կամ ստորեւ: Այսօր էլ համարձակվում եմ հավակնել վարչապետական պատասխանատվության եւ պարտականությունների (բայց բնավ երբեք դափնիների) ոչ թե իշխանությունս «ամրապնդելու կամ ավելացնելու» հետին նպատակով, այլ՝ որ տեսնում եմ Արցախի համակողմանի առաջընթացի, տնտեսության զարգացման հստակ ճանապարհը: Եվ եթե իմ առջեւ, ասել է թե՝ այդ ճանապարհի առջեւ խոչընդոտներ են դրվում, մնում է ենթադրել ընդամենը, որ դուք («մնացած թիմով»)՝ – կամ չեք տեսնում այդ առաջադիմության ուղին, – կամ չեք ուզում Արցախի հզորացումը եւ տարածաշրջանում նրա, որպես ազդեցիկ գործոնի, աճը, – կամ էլ տեսնում եք դա, բայց՝ Արցախի հզորացումն ուղիղ համեմատական կերպով կապելով իմ անձի «անթույլատրելի», «առաջանցիկ», «ձեր իշխանությունը գերազանցելիք» հզորացմանը: Այսինքն՝ առաջնորդվում եք զուտ անձնական սկզբունքով (սխալ հասկացվող ինքնասիրության հիվանդագին խոցվածություն եւ այլն): Ահա թե ինչու ես, ելնելով համազգային շահերի գերակայությունից, չեմ ուզում տուրք տալ այդ սկզբունքին եւ անաղմուկ, առանց «դուռ շրխկացնելու» հեռանում եմ՝ հրաժարվելով «թիմում մնալուց»: …Իսկ այն մարդիկ կամ, ավելի ստույգ, մարդուկները, որոնք հարյուրներով հերյուրում են իմ թիկունքում, իրոք շատ են աննշան ու անտեսելի, որպեսզի նրանց լրացուցիչ ուշադրության արժանացնեն. եթե չլինեիք ազգային գերնպատակն ու Դուք, հավատացնում եմ, հեշտ ու հանգիստ կարող էի անցնել դրանց վրայով, ինչպես լուսավոր վերջնակետ՝ Տաճար տանող ճանապարհին բուսած պատահական պատատուկի կամ մոլախոտի վրայով են անցնում: Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ ես եմ արդեն խանգարում մերօրյա «ազգային ջոջերին», մեր ազգի «պրոֆեսիոնալ» հայրերին եւ չեմ ուզում «կոկորդի մեջ խրված ոսկորի» դեր խաղալ: Ուզում եմ միայն, որ այս անգամ գոնե ինձ ճիշտ հասկանաք. երկար, շատ երկար խորհրդածելուց հետո եմ միայն որոշում ընդունել: Բայց վերջնական որոշում. սա՛ գոնե «ներքին» բանակցությունների եւ բանսարկությունների թեմա չի կարող դառնալ: Ու եթե շարունակելու եք կարծել, որ ինձ կարելի է նժարել-զուգակշռել ԼՂՀ վարչապետի հետ, գուցե դարձյալ չեք սխալվում, բայց ինքս գտնում եմ, որ դրան արժանի չեմ. առնվազն ռազմաքաղաքական ու բարոյաքաղաքական առումներով նրա «քաշային կարգում» հանդես չեմ եկել: Ուզում եմ հուսալ նաեւ ու հասկանալ տալ, որ իմ հեռանալուց հետո (բայց ոչ, անշուշտ, Արցախից) գոնե որոշ անշահեկան ուղղություններ, որոշ «շահագրգիռ անձինք» կուղղվեն… Ինչ էլ լինի՝ ուրախ եմ եւ հպարտ, որ Արցախում իրոք հզոր բանակ է ստեղծվել, եւ մշտական ձգտում է դրսեւորվել էլ ավելի բարելավելու նրա պատրաստականության բոլոր ցուցանիշները: Իհարկե, բացթողումներ, արտակարգ պատահարներ էլ են լինում, գուցեեւ գալիս են Ձեզ մոտ, արդարացի (կամ ոչ այնքան) գանգատներով դիմում, սակայն չարժե մոռանալ, որ պակաս քան 100 հազար անպատրաստ տղամարդկանցից անհնար է սեղմ ժամկետում թեկուզ 3-հազարանոց՝ ՆԱՏՕ-ական արհեստավարժների մակարդակի անթերի անձնակազմ կռելը: Ամեն դեպքում՝ լավատես եմ: Հուսով եմ՝ Դուք եւս… Պարոն նախարար Հրաժարականիս հարցն ավելի վաղ էր հասունացվել. կամենում էի դա ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական կոլեգիայի վերջին նիստից հետո, սակայն խուսափել եմ մեր ազգային տոները մթագնելուց: Եվ, որ նվազ կարեւոր չէ, ինձ խիստ անհրաժեշտ էր համոզվել Ձեր մտածելակերպի եւ դրա կայունության մեջ: Արդեն համոզվեցի: Ամեն ինչ ծայրահեղ պարզ է. ես զգացված եմ ու վերջնականապես զգում եմ, թե ինչ արժեք եք տալիս ազգին նվիրված մարդկանց: Իմ ոգին, իմ տղամարդկային հավատամքը լիուլի հերիքում են ցանկացած պահին, ցանկացած տեղում արտահայտել այն, ինչ մտածում եմ: Իսկ եթե ոմանք կարծում են, թե թույլ մարդ եմ, որ դիմում եմ այդ քայլին՝ ուղղակի հեռանալով, ապա նորից ու չարաչար են սխալվում. իսկ ճիշտն այն կլինի, որ նմաններն իրենց հաշիվ տան հին սխալները թույլ տալու մեջ եւ գոնե, կրկնում եմ, այսուհետ չավելացնեն դրանք: Մյուս կողմից՝ իմ թե՛ ներքին ուժը, թե՛ խելքը, թե՛ բարոյական իրավունքը բավարարում են ընդդիմադիր կեցվածք բռնելու, իմ առջեւ ցանկացած նպատակ դնելու ու դրան հասնելու համար: Համաձա՞յն եք՝ սա էլ է ձեւ ու չարգելված ձեւ: Պարոն նախարար Խոնարհաբար խնդրում եմ նաեւ իմ հրաժարականի հիմնահարցը չշաղկապել-քարկապել մանր-մունր ֆինանսատնտեսական հարցերի: Նյութական ոչ մի կնճիռ չկա ու չէր էլ կարող, չի էլ կարող լինել. դա Ձեզ փաստել եմ դեռ 1996թ.: Բանականությանս պոտենցիալն ու ունակություններս առնվազն այնքան են իրոք, որ առանց դժվարության կարող եմ ե՛ւ սեփական տնտեսական մեծ գործ ձեռնարկել, ե՛ւ պահել ընտանիքս, ե՛ւ, ինչպես շարունակաբար նախկինում եմ արել, ունեցածս բոլոր հնարավորություններս ու ամեն տեսակի ձեռքբերումներս ներդրել բանակի, պետության զորացման, ժողովրդի կենսամակարդակի աճն ապահովելու առաջնահերթ գործում: Այսուհետեւ էլ, չկասկածեք, պատրաստ եմ առավելագույնն անել ազգիս անհրաժեշտ գործունեության յուրաքանչյուր տեղամասում: Մեր ազգային-ազատագրական շարժման սկզբից եւեթ եղել եմ շարժման ղեկավարներից մեկը (ո՛չ վերջինը), բայց երբեւէ չեմ մտածել, թե ռազմական առաջնորդ պիտի լինեի. այսօր էլ այդպես չեմ գտնում (ուրիշը գուցե ավելի մեծ պատվով կատարի այդ դժվարին առաքելությունը): Որպես կանոն՝ կյանքն է թելադրել իմ գործի ու դերի բնույթը, պաշտոններն ու կոչումներն էլ ընդամենը հասել են իրողությունների հետեւից, իսկ չուզողներն էլ ստիպված հաշտվել են փաստերին: Կուզենայի ինքս սխալվել, բայց այսօրինակ կյանքի ընթացքը գուցե ձեզ հարկադրի ընդունել, որ իրականում դուք եք («թիմով») սխալվել: Այլ հարց է, որ այդ սխալն ընդունելու համար էլ բավարար տղամարդկություն անհրաժեշտ կդառնա ունենալ… Բայց ինչո՞ւ հասնել այդ կյանքին: Վախենամ մինչեւ իսկ՝ սեփական ու այլոց խղճերի հետ, իմ եւ ոչ միայն իմ կարծիքով, նկատվող գործարքների տոնավաճառը, ազգի առջեւ պարտքի եւ իշխանական իրավունքների միջեւ փոխզիջումների բարգավաճող աճուրդը վերաճեն մի «գեղեցիկ» օր էլ այնպիսի սահմանային զիջման պարտադրանքի՝ թեկուզ Արցախի հարցում, որ ցավ ի սիրտ զգաք, որ ինքներդ էլ արդեն մենակ եք մնացել, ասես ոչ մի թիմ, չակերտավոր թե անչակերտ, գոյություն չի էլ ունեցել… Ամեն դեպքում իրավունք ունեմ գոնե կարծելու, որ 7-8 տարվա՝ մեր հաղթահարած ընդհանուր ճանապարհին, այսպես կոչված, թիմակիցներս ավելի լավ կարող էին ինձ հասկանալ: Թեպետեւ, դրա հիմքերը երբեք պարզ չտեսնելով, ինքս էլ միշտ կարող էի սեփական խաղ խաղալ: Այսպիսի մի նոր ու «փայլուն» հնարավորություն ստեղծվեց ՀՀ նախագահի վերջին ընտրության նախօրեին: Դա չեմ արել: Ավելին՝ փորձել եմ ամեն ինչով նպաստել Ռ. Քոչարյանի բարեհաջող ընտրությանը: Ընդհանրապես՝ այլեւս չեմ ուզում որեւէ տեղիք տալ շարունակելու մեր պատմության «աստեղային ժամերը» խափանած, «մեր կռիվը գոնե մեկ անգամ մինչեւ վերջ տալուն» խանգարած ծանրածանր սխալները: Պարոն նախարար Տեղին եմ համարում նաեւ ամենայն պատասխանատվությամբ զեկուցել Ձեզ, որ այստեղ՝ Արցախում, մասնավորապես՝ բանակի շարքերում վաղուց արդեն վերացված է «ղարաբաղցի»-«հայաստանցի» չարաբաստիկ տարբերակումը: Ու թե այս թեմայով դեռ ինչ-ինչ շշուկներ են շրջում՝ վերջում հասնելով Ձեզ, ապա դրանք, հավաստիացնում եմ, ընդամենը պարապ զրույցներ են՝ ծնված խելքի թուլությունից ու մտքի ծուլությունից: Ուրիշ ոչինչ: Փոխարենը կփափագեի միայն, որ Մայր Հայաստանում, նախ եւ առաջ Ձեր գործունեության շնորհիվ, արմատախիլ արվեր «հայաստանցի»-«ղարաբաղցի» իրոք կործանարար հակադրումը: Պարոն նախարար Խորին երախտագիտությունս եմ հայտնում սույն ոչ կարճ նամակիս ընթերցման վրա Ձեր թանկագույն ժամանակից ծախսելու համար: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք եւ միմիայն հաջողություններ: Գտնում ենք, որ քիչ թե շատ մոտ ապագայում կռիվ այլեւս չի լինելու (երեւի դա արդեն վերջնականապես որոշել եք բանակցությունների ընթացքում): Ես էլ եմ լիահույս: Պահ է գալիս, որ անգամ ամենից անհրաժեշտ մարդն ավելորդ է դառնում: Ի՞նչ կարող ե(ն)ք անել: Կյանքը շարունակվում է: Խնդիրն այն է, ստիպված եմ անվերջերորդել, որ ազգավնաս սխալները չշարունակվեն: Ինչեւէ: Խնդրում եմ գոնե այս վերջին անգամ ճշմարիտ-անկեղծ-տղամարդավարի վարվել, այսինքն՝ «ի՛նչ մտածում եք, այն էլ ասեք, եւ ի՛նչ ասում ել, այն էլ՝ անեք»: Ամեն դեպքում համոզել նաեւ նախագահին ու էլի միասին արգել եթե այլեւս արդեն ոչ ինձ, ապա՝ դիմումս: Ս. Բաբայան ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ 1998թ. մայիսի 26

Հ. Գ. Ինչպես արդեն համոզվեցիք, սույնը գրված է հայերեն: Վերջին նամակներիցս մեկը (ռուսագիր) կարգադրել էիք հետ ուղարկել եւ գրել հայերեն: Իրավացի եք՝ ինչ խոսք: Իրավունք ունեք 100 տոկոսով: Բայց ուզում եմ՝ իմանաք նաեւ, որ Արցախի ՊԲ-ի սպաների առնվազն 25 տոկոսն առարկայական պատճառներով ռուսախոս է: Ինչեւէ: Այդ փոքր թվացող, բայց խիստ խոսուն փաստն էլ (ի թիվս շատ այլ նմանատիպ փաստերի) հին օրերի մեր տխուր ժառանգությունը խորհրդանշող հայելի էր, որի մեջ չէի կարող չտեսնել իմ անձի հանդեպ Ձեր «նորացված» վերաբերմունքի արտացոլանքը: Շնորհակալ եմ եւ դրա համար:

Դիտվել է 747 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy