Սամվել Բաբայանի առաջարկը Փաշինյանին. արդեն ուշ է

Երեկ  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։

Դահլիճում ներկա են եղել նաև Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը և «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։

Սամվել Բաբայանը խոսեց Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից և այդ իրավիճակի հնարավոր զարգացումները Արցախի ներքին քաղաքական պրոցեսների վրա. «Հայաստանի իշխանությունը իր համար քաղաքական որոշում պետք է կայացնի, թե Արցախում ում է տեսնում և ինչ քաղաքականութուն է վարելու:  Եթե կգտնեն, որ այդ քաղքականությունը ինձանով են վարում՝ ես խնդիր չունեմ»,-հայտարարել էր Սամվել Բաբայանը:

Փաստորեն Սամվել Բաբայանը ոչ ուղիղ ձևով հասկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ Հայաստանը կարող է Արցախում իր քաղաքականությունը վարել հենց Բաբայանի միջոցով: Այլ կերպ ասած, Բաբայանն առաջարկում է ստիպել Արցախի իշխանություններին հեռանալ, որպեսզի այնտեղ էլ ձևավորվի նոր իշխանություն, որը վարչապետ Փաշինյանի քաղաքականությունը կվարի տեղում:

Բայց Բաբայանը կարծես մի փոքր ուշացել է, քանի որ հունիսի 16-ին մեկօրյա այցով արցախում գտնվող վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ անվերապահորեն աջակցում է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի վարած քաղաքականությանը. «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Այնպես որ, Արցախի բանակի  նախկին հրամանատարը պետք է փորձի իր ջանքերով հասնել իշխանության, քանի որ Փաշինյանն այլևս կատարել է իր ընտրությունը ու իր անվերապահ աջակցությունը հայտնել Բակո Սահակյանին:

Այս թեմայով