Սահմանադրական ճգնաժամ Հայաստանում. կա լուծման երկու ճանապարհ

ԱԺ-ում իշխող ՀՀԿ-ն կորցրել է իր դիրքերը և այլևս կայուն մեծամասնություն չէ: Խորհրդարանում առկա այս իրողությունը կարող է նոր զարգացումներ բերել ներքաղաքական կյանքում: Politik.am-ը ստեղծված իրավիճակի իրավական հետևանքների մասին զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու  Տիգրան Մ. Ղազարյանի հետ

Պարոն Ղազարյան, ինչպես տեսնում ենք, ՀՀԿ խմբակցությունը լքում են մի շարք պատգամավորներ: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ՀՀԿ-ի համար կայուն մեծամասնությունից զրկվելը:

Նախ՝ ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է «կայուն խորհրդարանական մեծամասնության’ գաղափարը:  Սահամանդրությունը նշում է, որ կայուն խորհրդարանական մեծամասնությունը պետք է երաշխավորվի ՀՀ Ընտրական օրենսգրքով:  2016թ. Մայիսի 25-ին ընդունված սահմանադրական օրենք համարվող ՀՀ Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե ձևավորված կոալիցիան ստացել է Ընտրական օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-9-րդ մասերով բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, սակայն 54 տոկոսից պակաս, ապա այն ստանում է այնքան նվազագույն թվով լրացուցիչ մանդատներ, որ արդյունքում կոալիցիայի մանդատների ընդհանուր քանակը տոկոսային արտահայտությամբ լինի ոչ պակաս, քան 54 տոկոսը: Ցանականում եմ ընդգծել այս իրավանորմը գործում միմիայն այն դեպքում, եթե՝  «կուսակցությունների կոալիցիան ստացել է  անհրաժեշտ թվով ձայներ մանդատների բաշխման արդյունքում մեծամասնություն լինելու համար»:

Այսինքն՝ եթե «Ծառուկյան», «Ելք» և «ՀՅԴ» դաշինքները միմյանց հետ ունենային 105 պատգամավորների առնվազն 51 տոկոսը, որը կաներ մոտավորապես 53 մանդատ, ապա Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն նրանք կհավակնեին լինելու կայուն մեծամասնություն և, համապատասխանաբար, Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն իրենց կտրամադրվեր լրացուցիչ մանդատներ: Ներկայումս դա անհնար է:

Ասեմ ավելին՝ ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակի նշում է, որ եթե  ընտրության արդյունքով կամ քաղաքական կոալիցիա կազմելու միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության երկրորդ փուլ: Սակայն, սահմանադրական օրենք հանդիսացող Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասն երկրորդ փուլի կայացումն պայմանավորում է հետընտրական կարճ շրջանի հետ: Ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլն անցկացվում է քվեարկության օրվանից հետո՝ 28-րդ օրը: Եվ այս նորմով իսկ բացառվում է, որ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելի է, դիցուք՝ մեկ տարի կամ երկու տարի հետո առաջացած քաղաքական  նոր իրավիճակի նկատմամբ:

Այսինքն՝ արդյո՞ք ճիշտ եմ ընկալել, որ Ձեր նշածից հետևում է, որ «Ծառուկյան», «Ելք» դաշինքները՝ «ՀՅԴ»-ի հետ միասին չեն կարող ձևավորել խորհրդարանում կայուն մեծամասնություն:

-Տեսեք, մեր դեպքում առաջանում են հետևյալ խնդիրները: Նախ՝ ակնհայտ է, որ «Ծառուկյան» դաշինքը, «Ելք» դաշինքը, «ՀՅԴ»-ն միասին վերցրած չունեն բաշխված մանդատների ընդհանուր թվի  տոկոսային մեծամասնությունը: Իսկ ՀՀ Ընտրական Օրենսգրքի 97-րդ հոդվածի նորմերի ուղղակի պահանջն է, որ կայուն մեծամասնության հավակնող քաղաքական կուսակցությունն ունենա առնվազն բաշխված մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը:

Այսինքն՝ այստեղ կոալիցիա կազմելու և կայուն մեծամասնությանը հավակնելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Ընդորում, արժանի է նշել նաև այն հանգամանքը, որ գործող ընտրական օրենսգիրքն, ցավոք, ելնում է այն տրամաբանությունից, որ քաղաքական կոալիցիաները հնարավոր են միայն ընտրություններից անմիջապես հետո:  ՀՀ ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ կոալիցիան հնարավոր է միայն՝ ԿԸՀ մանդատների բաշխման մասին որոշում կայացնելուց հետո 6-օրյա ընթացքում:

Փաստորեն, Սահմանադրությունը մի կողմից երաշխավորում է կայուն մեծամասնության գաղափարը, մյուս կողմից՝ նախորդ իշխանության կողմից ընդունված Ընտրական օրենսգիրքը խոչընդոտ է հարուցում ներկայումս այդ գաղափարի իրագործմանը: Կխնդրեի պարզաբանել՝ արդյո՞ք այլ պետություններում ևս գործում է սույն համակարգը, թե՞ ոչ:

Իմ համոզմամբ՝ այս հարցում ամենից հետաքրքիրը Իտալիայի փորձն է: Կա նաև Հունաստանի և Սան Մարինոյի փորձը: Սակայն հենց Իտալիայի փորձն էր ընկած է մեր Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասի և մեր Ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի հիմքում:

Իտալիայում, ինչպես Հայաստանում գործում էր մեծամասնություն երաշխավորող կամ անգլերեն՝ «majority assuring» կոչվող համակարգը: 2015թ. ընդունված Ընրական օրենքի համաձայն՝ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում, 40 տոկոս քվե ստացած կուսակցությունը ստանում էր մանդատների բաշխման տեղերի առնվազն 54  տոկոսը: Եթե կուսակցությունը չէր հավաքում առնվազն 40 տոկոս (ինչ տեղի է  ունեցել Իտալիայում վերջին 20 տարիներին), ապա նշանակվում էր ընտրությունների երկրորդ փուլ: Այս համակարգը հայտնի էր Italicum (Իտալիկում) անվամբ:

2017թ. Հունվարի 25-ին Իտալիայի սահմանադրական դատարանը իր թիվ 25 վճռով՝ Մեսինայի դատարանի դիմումի հիման վրա՝ իր կողմից իրացված վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում՝ մասնակի հակասահմանադրական ճանաչեց Իտալիկումը: Հակասահմանադրական ճանաչվեց ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը և սրանով կայուն մեծամասնության երաշխավորումը: Մասնավորապես` հակսահմանադրական և դեմոկրատական կարգերին հակասող ճանաչվեցին 2015թ. ընդունված  Ն.25 Ընտրական օրենքի՝  «Պատգամավորների Պալատի և Սենատի ընտրության վերաբերյալ», 1957թ. Նախագահի հրամանագրի՝ «Պատգամավորների պալատի ընտրության միասնական օրենսդրական կանոնների»   որոշ դրույթներ, որոնք, ըստ էության, երաշխավորում էին,  արհեստականորեն միահեծան մեծամասնության ստեղծումը: Ներկայումս. 2017թ. հոկտեմբերին ընդունված նոր Ընտրական օրենքը այլևս չի պարունակում, այսպես կոչված, «մեծամասնությունը երաշխավորող համակարգը»:

Ի դեպ, գուցե Ձեր ընթերցողներին հետաքրքրի, նույն այս՝ «majority assuring» (մեծամասնությունը երաշխավորող) համակարգը՝ նախնական տեսքով առաջին անգամ կիրառվել է 1924թ-ին Իտալիայի թագավորությունում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Իսկ որպես օրենք ընդունվել է 1923թ. նոյեմբերին Իտալիայի Թագավորության Պատգամավորների պալատի կողմից, Մուսսոլինիի գաղափարակից, ֆաշիստական Ազգային Բլոկի պատգամավոր Ջիակոմի Աչերբոյի նախաձեռնությամբ: Այն հայտնի է որպես «Լեգգե Աչերբո» անվանումով (Legge Acerbo-18 նոյեմբեր, 1923թ.) և, ինքնին, հանդիսանում էր 1919թ. «Քաղաքական ընտրությունների կազմակերպման» մասին օրենքում մտցված փոփոխություն:

-Հետաքրքիր է, դուրս է գալիս, որ մենք վերցրել ենք փորձը մի երկրից, որտեղ այդ փորձը այլևս չի կիրառվում: Ամեն դեպքում՝ կխնդրեի նշել, թե ստեղծված իրավիճակին ի՞նչ լուծում կա:

.-Այո’, փորձի մասով, իրերի վիճակն այդպիսին  է:

Ստեղծված իրավիճակում առկա է երկու լուծում:  Առաջին՝ շուտափույթ կատարել ՀՀ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լայն քաղաքական կոնսենսուսով ընդունել այդ փոփոխությունները, որոնց արդյունքում Ծառուկյան, Ելք  դաշինքները և ՀՅԴ-ն հնարավորություն կստանան կնքելու կոալիցիոն հուշագիր և լրացուցիչ, բոնուսային մանդատներ ձեռք բերելու:

Կամ էլ, որպես երկրորդ տարբերակ՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդով պատգամավորները դիմում են Սահմանադրական դատարան ԸՕ 97-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասին համատասխանության հարցով:

Զրուցեց՝ Բորիս Մուրազին

 

Այս թեմայով