Սաակաշվիլին չի ներկայանա հարցաքննությանը

Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր չէ ներկայանալ դեկտեմբերի 6-ին նշանակված հարցաքննությանը:

Այս մասին «Ուկրաինսկայա պրավդային» հաղորդել է քաղաքական գործչի ղեկավարած «Նոր ուժերի շարժում» կուսակցության մամուլի քարտուղար Մարիանա Պոչտարը:

«Սաակաշվիլին որևէ ընթացակարգային փաստաթուղթ չի ստորագրել և չի ստացել՝ ո՛չ նա, ո՛չ նրա փաստաբանները: Նրան անգամ իր դեմ եղած կասկածի մասին ծանուցում չեն տվել»,-մանրամասնել է Պոչտարը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ավելի վաղ Սաակաշվիլիին մեկ օր էր տվել քննիչին ներկայանալու համար:

«24 ժամից Ուկրաինայի ամբողջ իրավապահ համակարգն ամեն անհրաժեշտ բան կանի, որ քաղաքացիություն չունեցող Սաակաշվիլին ներկայանա քննությանը, այնուհետ՝ դատարան»,-ընդգծել է գլխավոր դատախազը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի գլխավոր դատախազությունը ոստիկանությանն է փոխանցել Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին որոշումը: Այս մասին հայտնել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն: Նա պարզաբանել է, որ նման որոշում կայացվել է այն պատճառով, որ Սաակաշվիլին «ոստիկանական բաժանմունք տեղափոխելու ճանապարհին փախել է կալանքից»:

Հայտնի է, որ Սաակաշվիլին կասկածվում է հանցախմբերի անդամներին աջակցելու ու նրանց հանցավոր գործունեությունը քողարկելու համար:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրապարակել է աուդիո և տեսաձայնագրություններ, որոնք իբր ապացուցում են Վիկտոր Յանուկովիչի շրջապատից օլիգարխ Սերգեյ Կուրչենկոյի կողմից Սաակաշվիլիի կազմակերպած ակցիաների ֆինանսավորումը:

 


Այս թեմայով