Ռուս-հայկական համատեղ ցամաքային զորքեր են ստեղծվում

ռուսՄինչ հայ հանրությունը քննարկում է ռուս-հայկական համատեղ ՀՕՊ համակարգի ստեղծումը` ռուսական մեդիաները խոսում են նոր պայմանավորվածությունների մասին, որոնք ձեռք են բերվել ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի վերջին այցի ժամանակ:  ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ վերջնական տեսքի է գալիս ռուս-հայկական համատեղ զինված խմբավորումներ ստեղծելու մասին համաձայնագիրը:

Իհարկե դեռևս պարզ չէ, թե այդ համատեղ զինուժը ինչպիսի պոտենցիալ է ունենալու և ինչ խնդիրների համար է նախատեսված լինելու: Սակայն մեկ բան հստակ է, որ ռուսական կողմը անելու է ամեն բան, որպեսզի հայկական կողմից հնարավորինս մեծ թվով զինվորականներ ներգրավվեն: Քանի որ համատեղ զինուժը կարող է գործել միայն երկկողմանի համաձայնության դեպքում, ապա մեծաթիվ հայ զինծառայողների ներգրավումը հնարավորության կտա ռուսներին հայկական բանակի որոշակի հատվածին պահել վերահսկողության տակ:

Եվ ահա այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ռուսական փորձագիտական շրջանակները սկսեցին հայտարարել, որ այդ համատեղ զինուժը կարող է մասնակցել կոնկրետ ռազմական գործողությունների, եթե լինի հստակ քաղաքական որոշում. Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում այդ զինուժը կարող է մասնակից դառնալ մարտերին, բայց միայն երկկողմանի համաձայնության դեպքում, քանի որ այդ ուժերը  կառավարվում են երկու երկրների կողմից և անհրաժեշտ կլինի քաղաքական որոշում.-ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կոշկինը:

Միայն պատկերացնել կարելի է, թե ինչ իրավիճակ կստեղծվի, եթե անգամ մեր զինուժի միայն 10 տոկոսը ներգրավված լինի այս համատեղ զինուժում: Կստացվի, որ Հայաստանն իր բանակի մի մասը չի կարող մասնակից դարձնել հնարավոր մարտական գործողություններին, եթե չլինի Ռուսաստանի համաձայնությունը:

Հ.Գ. Իհարկե այս ամենը կարող է չզարգանալ մեր ներկայացրած սցենարով, սակայն հստակ վտանգներ կան այս ուղղությամբ: Եվ եթե կան խնդրահարույց հարցեր, ապա թող Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներկայացնի, թե խոսքը ի՞նչ տեսակ զորքերի մասին է, հայկական բանակի ո՞ր մասն է ներգրավվելու և ինչ խնդիրներ է իրականացնելու համատեղ զինուժը:

Դիտվել է 347 անգամ
 


Այս թեմայով