Ռուսաստանը վավերացրել է ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր համաձայնագիրը

Ռուսաստանի խորհրդարանը վավերացրել է Իրանի հետ ԵԱՏՄ երկրների կնքած համաձայնագիրն ազատ առևտրի վերաբերյալ։ Դրանով զգալի նվազում են Միության (այդ թվում և Հայաստանի) ու Իրանի միջև շրջանառվող ապրանքներից գանձվող մաքսատուրքերը։ Այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը։

2018 թվականի մայիսին Աստանայում կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ ԵԱՏՄ պետություններից Իրան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների համար 23,4 տոկոսից իջեցվելու է մինչև 12 տոկոս։ Նույնատիպ մաքսատուրքը արդյունաբերական ապրանքների համար 17,7 տոկոսից իջեցվելու է մինչև 13,2 տոկոսի։

Դեռևս մեկ տարի առաջ այս համաձայնագրի նախապատրաստման փուլում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների՝ այն ժամանակվա նախարար Սուրեն Կարայանը հայտնել էր, որ Այդ համաձայնագրում ներառված են նաև 40 ապրանքատեսակներ, որոնք արտադրվում են Հայաստանում ու դրանց մասով պահանջարկ կա իրանական շուկայում։

«Դրանք հենց հայկական կողմի առաջարկներն են: Համաձայնագրի ստորագրումից հետո այդ ապրանքների մուտքը իրանական շուկա բավականին կպարզեցվի: Այնտեղ կան ինչպես ոչ սակագնային կարգավորումներ, այնպես էլ սակագնային կարգավորումներ, որոնց մասով պարզեցումներ կլինեն»,– նշել էր Կարայանը։

Այս թեմայով