Ռուսաստանը շարունակում է այն, ինչը հանգեցրեց ապրիլյան պատերազմին. «168 ժամ»

Բորդյուժա«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Երեւանում ավարտվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը, որը, բնականաբար, չի նշանավորվել Հայաստանի ու Հայաստանի անվտանգության երաշխիքի ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության բարձրացմանն ուղղված որեւէ առարկայական նախաձեռնությամբ, փաստաթղթով կամ պայմանավորվածությամբ: Ճիշտ հակառակը, Երեւանում կրկին հնչել են հայտարարություններ, որոնք հերթական անգամ վկայում են ոչ միայն՝ Հայաստանի անվտանգության համար այդ կազմակերպության անկենսունակության մասին, այլ, հատկապես ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, մեղմ ասած, հեգնանք են պարունակում Հայաստանի նկատմամբ:

Մասնավորապես` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` խոսելով Հայաստանի բանակի սպառազինությունների մասին, հայտարարել է` «Հայաստանը կարող է արդիականացնել իր զինված ուժերը՝ ՀԱՊԿ երկրներում արտոնյալ գներով զենք ձեռք բերելով»: «Գլխավորն արտոնյալ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրն է ՀԱՊԿ համակարգում: Դա նշանակում է՝ Հայաստանը կարող է (ՀԱՊԿ անդամ-երկրներում) գործարան-պատրաստողներից արտոնյալ գներով զենք գնել»,- ասել է Բորդյուժան` ավելացնելով, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի շատ ձեւեր կան»:

Ավելի ցինիկ հայտարարություն, քան Բորդյուժայի ասածները, դժվար է պատկերացնել: Ավելի քան երկու ամիս է` Հայաստանում բոլորը` իշխանությունն ու ընդդիմությունը, հասարակությունն ամբողջությամբ, քննարկում են դեռեւս նախորդ տարվա ամռանը ստորագրված վարկային համաձայնագրով Հայաստանին 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման, ավելի ճիշտ` չմատակարարման հարցը, իսկ Բորդյուժան Երեւանում ասում է, թե Հայաստանի զինուժի արդիականացման ճանապարհն արտոնյալ գներով զենք գնելու հնարավորությունն է:

Բայց Բորդյուժան, բնականաբար, չի անդրադառնում այն հարցին, որ այդ հնարավորությունը միայն թղթի վրա է, չի պարզաբանում, թե ինչու Ադրբեջանին ժամացույցի ճշտությամբ զենք վաճառող Ռուսաստանը շուրջ մեկ տարի Հայաստանին չի մատակարարում այդ սպառազինությունը: Բորդյուժային այդ մասին գոնե հրապարակավ չեն հարցնում նաեւ լայնադեմ ժպիտով նրա կողքին գտնվող հայ պաշտոնյաները, որովհետեւ ասելիքն արդեն ասվել է ամենաբարձր մակարդակով: Ասվել է, բայց պատասխան չի ստացվել: Չի ստացվել նաեւ զենքը:

Ու երբ այդքանից հետո ՀԱՊԿ քարտուղարը հայտարարում է, թե Հայաստանի զինված ուժերի արդիականացման համար «աշխատանքի շատ ձեւեր կան», մնում է ենթադրել, որ նա նկատի ունի Ադրբեջանի կողմից դիվերսիաներին աջակցությունը, որը, բնականաբար, բարձրացնում է ՀՀ զինված ուժերի մարտունակությունը` այդպիսով նպաստելով նաեւ արդիականացմանը: Իրականում ՀԱՊԿ-ի ցանկացած միջոցառում, հատկապես՝ Հայաստանում անցկացվող, վկայում է, որ դա արհեստական, իրականում կեղծ կառույց է, որը գործնականում որեւէ առնչություն չունի անդամ երկրների, առնվազն՝ Հայաստանի անվտանգության հետ:

Դա էլ իր հերթին՝ բացահայտում է Հայաստանի պաշտոնյաների ու քաղաքական դաշտի ներկայացուցիչների մեծամասնության սնանկությունը, երբ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին հարցերին ի պատասխան՝ նրանք դեմքի մտահոգ ու սրտաճմլիկ արտահայտությամբ հայտարարում են, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 101 անգամ
 


Այս թեմայով