Ռուսաստանը բացահայտում է Փաշինյանին․ ինչի՞ց է վախեցել Հայաստանի վարչապետը

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է հայկական կողմի խնդրանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով` հայկական կողմն իր խնդրանքը բացատրել է ԱԺ առաջիկա ընտրությունների նախընտրական շրջանով։ Նա նաև ավելացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կշարունակի կատարել Վալերի Սեմերիկովը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահը առաջարկել է գագաթնաժողովը չանցկացնել ստեղծված իրավիճակի պատճառով, իսկ հետագայում աշխատանքային կարգով քննարկել խնդիրը։ Փաշինյանը համաձայնել է, որովհետև կարծում է՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելն ավելի ճիշտ է։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը հարված էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հեղինակությանը։ Նա իհարկե ուղիղ կերպով չի հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանը ապատեղեկատվություն է տարածել տեղական լրատվամիջոցների հետ զրույցում, բայց ռուս չինովնիկի դիվանագիտական հայտարարությունը այլ ենթադրությունների տեղիք չի տալիս։

Փաստորեն, Փաշինյանը փորձել է  անել ամեն բան, որպեսզի նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀԱՊԿ հարցում չունենա տհաճ պատմություն։ Բոլորին է պարզ, որ դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր ընտրվելու Բելառուսի ներկայացուցիչը, ու դա հարված կլիներ նոր կառավարության հեղինակությանը։ Սրանից էլ վախեցել է Փաշինյանը, և ընտրական պրոցեսները պատճառ բերելով, հասել է նրան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը քննարկվի Հայաստանում տեղի ունենալիք ընտրություններից հետո, իսկ այդ ժամանակ Փաշինյանը իր արտաքին քաղաքական պարտության համար ստիպված չի լինի հասարակությանը բացատրություններ տալ։ Իսկ ՌԴ նախագահ Պուտինի հետ խոսելուց հետո Փաշինյանը Հայաստանում հայտարարել է, որ հենց ՌԴ նախագահն է առաջրկել հետաձգել ՀԱՊԿ նիստը։ Փաշինյանը ամենայն հավանականությամբ կարծել է, որ ՌԴ-ում հայկական մամուլ չեն կարդում, և իր հայտարարությունը աննկատ կմնա։

Այս թեմայով