Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» հրթիռային համալիրը

Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հրաժարվել են Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը, գրում է kommersant.ru-ն՝ մանրամասնելով, որ գործարքի չեղարկումը պայմանավորված է ՌԴ պաշտպանության նախարարության դիրքորոշմամբ:

Ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիրի հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:

Աղբյուրը նկատում է, որ Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից. վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել:

Հայտնի է, որ Ադրբեջանը «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնմամբ հետաքրքրված էր դեռևս 2014թ.: Ադրբեջանի ՊՆ-ն մտադիր էր այդ համալիրով ապահովել Կասպից ծովի իր հատվածի առափնյա մասի անվտանգությունը: Մոսկվան ու Բաքուն նախաստորագրել էին պայմանագիրը, սակայն բուն համաձայնագրի ստորագրմանը գործն այդպես էլ չի հասել:

Եվս մի բարձրաստիճան աղբյուր հաստատել է, որ «Բալ»-ի մատակարարման հարցն այժմ չի քննարկվում Ադրբեջանի զինված ուժերի հետ, քանի որ կա «աշխարհաքաղաքական նրբություն»: Պատճառն այն է, որ վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար:

«Մենք չէինք ցանկանա, որ տվյալ զինատեսակը կիրառվի ղարաբաղյան հակամարտությունում»,-մանրամասնել է զրուցակիցը:

Նշվում է նաև, որ «Բալ»-ի մատակարարման չեղարկումը դժվար թե հանգեցնի ռուս-ադրբեջանական հարաբերությունների սառեցմանը:

Այս թեմայով