Ռուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. դեսպան

Ivan-VolynkinՌուսաստանը հավասարության նշան չի դնում Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների միջեւ: Այդ մասին ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում  հայտնել է Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Լրագրողները դեսպանից հետաքրքրվել են, թե  ինչու է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին եւ հավասարության նշան դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ թե դա ինչպես կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Այստեղ հավասարության մասին բոլորովին խոսք չկա, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի համար ռազմավարական դաշնակից է, իսկ Ադրբեջանը` ռազմավարական գործընկեր, դրանք լրիվ տարբեր մակարդակներ են ու հավասարության ոչ մի նշանի մասին խոսք լինել չի կարող», — ասել է Վոլինկինը:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին եւ դրանց հնարավոր վատացմանը վերջին իրադարձությունների ֆոնին, Ռուսաստանի դեսպանը նշել է, որ այժմ գերակշռում են հույզերը, բայց ռուս-հայկական հարաբերությունները, որոնք բազմադարյա պատմություն ունեն, շատ դժվար է սասանել:

«Այո, կարող են ինչ-որ վիրավորանքներ լինել, թյուրըմբռնումներ, բայց դա բոլորովին չի նշանակում, թե ռուս-հայկական հարաբերությունները մեկ այլ փուլ կանցնեն: Մենք հրաշալի հարաբերություններ ունենք, մեր պետությունների ղեկավարները մշտական շփումների մեջ են, եւ այդպես կլինի միշտ», — ասել է Վոլինկինը:

Դիտվել է 345 անգամ
 


Այս թեմայով