Ռուսաստանը հանուն Թուրքիայի պատրաստ է զոհել Արցախը

Ապրիլի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Անկարա, որտեղ հանդիպել է Թուրքիայի պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սա Պուտինի առաջին արտասահմանյան այցն է մարտի 18-ին նախագահ վերընտրվելուց հետո:

Պուտինն ու Էրդողանը հանդիսավոր կերպով ազդարարել են «Ակկույու» ատոամակայանի շինարարության մեկնարկի մասին: Չորս բլոկից բաղկացած ատոմակայանը պետք է կառուցվի մինչև 2021 թվականը։ Համապատասխան համաձայնագիրը պաշտոնական Մոսկվան և Անկարան ստորագրել էին 2010թ.: Թուրքիայի առաջին ատոմակայանը կգործարկվի 2023-ին։ Ներդրումների ընդհանուր ծավալը գնահատվում է 22 մլրդ դոլար։

Թուրքիայի նախագահը «Ակկույու» ատոմակայանի շինարարության սկիզբն անվանել է պատմական պահ։

Բացի այդ, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումն արագացնելու շուրջ։

Ռուս-թուրքական հարաբերությունները այս պահին առավել ջերմ են քան երբևէ: Այս մասին մի քանի օր է անդադար թմբկահարում են ռուսական պետական լրատվամիջոցները: Ակնհայտ է, որ օրեցօր մեկուսացող Ռուսատանի համար Թուրքիան անփոխարինելի գործընկեր է: Սա է պատճառը, որ անգամ տնտեսական դժվարությունների ֆոնին Ռուսաստանը 20 միլիարդ դոլար կներդնի Թուրքիայում ատոմակայան կառուցելու համար: Իրավիճակը լավ է հասկանում նաև թուրքական կողմը և արդեն իսկ սկսել է կարևոր օգուտներ քաղել դրանից: Թուրքական կողմի զգալի նվաճումներից էր Ռուսաստանի թողտվությամբ Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանի գրավումը:

Այս ամենի համատեքստում վտանգավոր զարգացումներ կարող են տեղի ունենալ Արցախի խնդրում: Նախ պետք է նկատել, որ բազմաթիվ միջազգային հեղինակավոր փորձագետներ նկատում են, որ այս տարի կարող է իրավիճակը սրվել Արցախի ճակատում: Այս մտայնությունը լուրջ երանգներ է ստանում հատկապես այն ֆոնին, երբ Ալիևը Ադրբեջանի նախագահական ընտրությունները աշնանից տեղափոխեց գարուն՝ մոտեցնելով ՀՀ վարչապետի ընտրության օրվան: Հայաստանյան շատ փորձագետներ սա համարեցին պատերազմի նախապատրաստություն:

Եվ հիմա շատ հավանական է, որ Ադրբեջանի պատերազմի վերսկսման շանտաժի միջոցով Թուրքիան փորձի Ռուսաստանի միջոցով զիջումներ կորզել Հայաստանից: Ի վերջո մեկ անգամ Սիրիայում Ռուսաստանն արդեն ապացուցել , որ պատրաստ է զոհել իր դաշնակիցների շահերը հանուն Թուրքիայի: Թուրքիան հիմա առավել քան երբևէ պետք է Ռուսաստանին, իսկ Արցախի խնդիրը կարող է առավել սերտացնել ռուս-թուրքական հարաբերությունները:

 


Այս թեմայով