Ռուսաստանը կարևոր դեր խաղաց. Սերժ Սարգսյան

սերժՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների ղեկավարների` Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևի, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերին: Դրանք վարել է հյուրընկալող երկրի՝ Ղազախստանի նախագահ, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Նիստերին մասնակցել է  նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, ով խորհրդի անդամների քննարկմանն ու հաստատմանն է ներկայացրել նիստերի օրակարգը:

Միության անդամ պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են Եվրասիական տնտեսական միության արտաքին առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ հարցեր:

Ընդլայնված կազմով նիստի ավարտին նախագահները ստորագրել են ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր, այդ թվում` Եվրասիական տնտեսական միության նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման մասին հայեցակարգը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստում:

Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ելույթում, մասնավորապես, ասել է.«Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, գործընկերնե՛ր,
Կսկսեմ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին ուղղված շնորհակալական խոսքերով՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի այսօրվա նիստի կազմակերպման համար: ԵԱՏՄ-ն այսօրվա գագաթնաժողովին ներկայանում է մեկուկես տարվա գործունեության ընթացքում՝ համաշխարհային տնտեսության համար բարդագույն իրավիճակում ձեռք բերված որոշակի փորձով: Ստեղծվել է լայն իրավական հիմք, մշակվում են ինտեգրացիայի ալգորիթմներ, որոնք ընդհանուր առմամբ պետք է նպաստեն մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը, մեր տնտեսությունների մրցունակության և համաշխարհային տնտեսական համակարգին դրանց ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:

Տնտեսական ինտեգրացիան պահանջում է մեր մակրոտնտեսական մոտեցումների համակարգման մակարդակի բարձրացում: Այս կապակցությամբ կարևոր նշանակություն ենք տալիս 2016-2017թթ. ԵԱՏՄ անդամ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական ուղենիշների հետևողական իրականացմանը և մեր տնտեսական ներուժի զուգորդման ուղղությամբ հետագա գործուն մեխանիզմների մշակմանը: Այն կնպաստի մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը և ստեղծված բացասական տնտեսական իրավիճակի հետևանքների հաղթահարմանը:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի համաշխարհային քաղաքականության և տնտեսության մեջ տարածաշրջանային կառույցների դերակատարության բարձրացման ընդհանուր ֆոնին մեր ինտեգրացիան դառնա տնտեսական գործընկերության գրավիչ մոդել, բաց լինի բոլոր շահագրգիռ կողմերի հետ լայն համագործակցության համար: ԵԱՏՄ ձևաչափում Վիետնամի հետ Հայաստանում ազատ առևտրի գոտու մասին ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը գտնվում է վավերացման ավարտական փուլում և բառացիորեն հաջորդ շաբաթ պայմանագիրը կվավերացվի:

Մենք նաև ողջունում ենք ԱՍԵԱՆ միավորման մեջ մտնող Կամբոջիայի և Սինգապուրի հետ փոխգործակցության իրավական շրջանակների ամրագրումը, այնպես ինչպես բոլոր համանման փաստաթղթերը, իսկ դրանք քսանից ավելին են, որոնք ստորագրվել են առանձին երկրների կառավարությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ:

Հայկական կողմն աջակցում է Սերբիայի հետ առևտրի ռեժիմի ներդաշնակեցման հարցի շուրջ բանակցությունների մեկնարկի մասին որոշմանը: Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ԵՄ գծով երկխոսության առաջխաղացմանը, ենթադրում եմ, որ մենք բոլորս միակարծիք ենք, որ երկու ինտեգրացիոն միավորումների միջև համագործակցությունը պետք է նպատակաուղղված լինի առևտրի, աշխատուժի, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառության ապահովման համընկնող նպատակների ձեռքբերմանը: Այն պետք է նպաստի առանց բաժանարար գծերի ընդհանուր տարածքի ձևավորմանը: Այս համատեքստում կարևորություն ենք տալիս Եվրոպական հանձնաժողովի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցությանը:

Միջկառավարական խորհրդի երևանյան նիստի ժամանակ հաստատվել են Չինաստանի հետ բանակցությունների դիրեկտիվները: Հուսով եմ, որ հաջորդ նիստի ժամանակ հանձնաժողովը կզեկուցի բանակցային գործընթացի մեկնարկի մասին, որի որպես վերջնական նպատակը մենք կցանկանայինք տեսնել մեր սերտ համագործակցության համար իրավական հիմքը:

Դրանով հանդերձ անհրաժեշտ է զուգահեռ շարունակել չինական կողմի հետ երկխոսությունը, ինչպես նաև մյուս շահագրգիռ պետությունների՝ Իրանի և Հնդկաստանի հետ, ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու զուգորդման մասով: Նման համակցումը լրացուցիչ հնարավորություն է ավելացված արժեքի միջազգային շղթային ինտեգրվելու համար: Այն նաև կօգնի մեծացնել առևտրի ծավալները, վերակառուցել տնտեսությունը, ներգրավել ներդրումներ խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ներքո, լոգիստական հնարավորությունների բազմազանեցմանը:

Պետությունների հարգելի՛ ղեկավարներ,

Մեր կողմից ընդունված, այդ թվում՝ այսօրվա որոշումները պետք է շոշափելի լինեն մեր քաղաքացիների և գործարար շրջանակների համար, յուրաքանչյուր գնորդի և ծառայության պատվիրատուի համար, ով իր սեփական օրինակով կզգա ինտեգրացիայի առավելությունները: Այս նպատակին հասնելը հնարավոր է գործարարության վրա դրված ծանրաբեռնվածության նվազեցման ուղղությամբ համաձայնեցված աշխատանքի, տեխնիկական խոչընդոտների վերացման, ԵԱՏՄ ընդհանուր շուկաներ դուրս գալու համար պայմանների ստեղծման միջոցով: Այս համատեքստում կընդգծեմ գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերի ընդունման նշանակությունը: Այս որոշումների իրականացումը կօժանդակի ԵԱՏՄ տնտեսական ներուժի հզորացմանը, քանի որ էներգակիրների շուկան կարևոր գործոն է արտադրության շղթայում և դրա կանխատեսելիությունից է հաճախ կախված կայուն տնտեսական աճի հնարավորությունը: ԵԱՏՄ տարածքում ածխաջրածնային հումքի գները պետք է նպաստեն մեր տարածքում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը:

Հարգելի գործընկերներ,

Ինտեգրացիոն միավորումները հաջող գործարկվում և զարգանում են անվտանգ միջավայրում: Անվտանգությունը մեր պետությունների տնտեսական զարգացման և բարգավաճման առանցքային հիմքն է: Ես չափազանց կարևոր եմ համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միությունը ձևավորած երկրները միաժամանակ հանդիսանում են ՀԱՊԿ անդամներ, որի հիմնական նպատակը մեր տարածքում համապարփակ անվտանգության ապահովումն է: Ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի կողմից իրադրության լարումը ԵԱՏՄ տարածաշրջանի անվտանգության համար լուրջ մարտահրավեր դարձավ: Վտանգն ակնհայտ է՝ կամ Եվրասիական տնտեսական միության տարածքը մեր միջազգային գործընկերների կողմից կդիտվի որպես տնտեսական զարգացման, կայունության և անվտանգության գոտի, որտեղ կարելի ներդրումներ կատարել, որտեղ կարելի է երկարաժամկետ ծրագրեր նախաձեռնել, կամ բոլորը կընտելանան այս բարդ իրավիճակին և կառաջնորդվեն այն հանգամանքով, որ այստեղ լարվածության և երկպառակտության մշտական օջախներ են: Չեմ կարծում, որ երկրորդ սցենարը բխում է մեր երկրների շահերից:

Հայաստանը չի կարող անմասն մնալ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունների դեպքում: Իհարկե, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը արագ վերականգնեցին իրավիճակը՝ այն վերցնելով իրենց վերահսկողության տակ: Այստեղ կարևոր դեր խաղաց Ռուսաստանը, որին Ադրբեջանը դիմել էր զինադադարի ռեժիմի վերահաստատման խնդրանքով: Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ հանդիպում կայացավ, որի ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին վստահության ամրապնդման միջոցառումների՝ շփման գծում մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի հաստատման ուղղությամբ: Հայաստանը մտադիր է հետևողականորեն աշխատել այս պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ և շարունակել փնտրել խաղաղ կարգավորում, որն առաջին հերթին հիմնված կլինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և ինքնորոշվելու իրավունքի վրա: Հայաստանը համաձայն է Մինսկի խմբի համանախագահների հետ, որ այդ սկզբունքը, ինչպես նաև ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքները, և տարածքային ամբողջականության սկզբունքը հանդիսանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքը:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 


Այս թեմայով