Ռուսաստանը կառաջարկի տարածքներ հանձնել Ադրբեջանին, որպեսզի պատերազմ չսկսվի

Սիրիայի քրդաբնակ Աֆրին քաղաքում վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում :

Թուրքիայի զինուժը օդային և ցամաքային ռազամական գործողություններ է սկսել քրդական անկլավի դեմ և հետաքրքիր է, որ Թուրքիայի հարձակման վերջին պահին, ռուսական բանակը՝ Աֆրինում տեղակայված իր փոքր զորամիավորումը դուրս հանեց: Հետագայում ռուսական համապատասխան մարմինները հայտարարեցին, որ դա արել են, որպեսզի խուսափեն՝ թուրք և ռուս զինվորների միջև  հնարավոր բախումներից: Սա վկայում է այն մասին, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ  քարտ բլանշ է տվել Թուրքիային, որպեսզի վերջինս ռազմական գործողություններ սկսի:

  Չմոռանանք, որ այս գործողությունները սկսելուց առաջ՝ Թուրքիայի  Գլխավոր շտաբի պետը, Սոչիում հանդիպեց Ռուսաստանի և Իրանի Գլխավոր շտաբի պետերի հետ, որոնց հետ, առաջին հերթին  քննարկեց Սիրիական խնդիրը: Այս ամենին պետք է գումարել այն հանգամանքը, որ Ռուսաստանը այնուամենայնիվ փորձել է քրդերի հետ առևտրի գնալ, այդ կերպ կասեցնելու համար թուրքերի ռազմական գործողությունները, սակայն քրդերը մերժել են:

 Քրդական աղբյուրների փոխանցմամբ,  Ռուսաստանը քրդական Աֆրինի կառավարությանը առաջարկել է, որպեսզի նրանք տարածքները հանձնեն Սիրիական իշխանությանը, որից հետո միայն նա կկարողանա կասեցնել Թուրքիայի սկսվելիք ռազմական գործողությունները: Քրդերը մերժել են Ռուսաստանի առաջարկը , որին հետևել է Թուրքիայի ռազմական գործողությունների մեկնարկը:

Այս ամենից ելնելով, կարծում ենք, Աֆրինում տեղի ունեցող զարգացումները բավականին հետաքրքրական պետք է լինեն հայկական կողմի համար ևս՝ մասնավորապես ԼՂՀ հարցի կոնտեքստում: Բան այն է, որ ԼՂՀ խնդրում ևս Ռուսաստանը բավականին մեծ դերակատարում ունի և միջազգային խաղացողները նկատում են, որ առանց Ռուսաստանի մասնակցության Ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել, և ինչ որ իմաստով ԼՂՀ խնդիրը չի լուծվում քանի, որ հենց Ռուսաստանը չի ցանկանում, որ այն լուծում ստանա:

Այս դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ պատասխան կունենա հայկական կողմը, եթե տարածքների զիջման առաջարկ անի Ռուսաստանը՝ այս անգամ Ղարաբաղյան խնդրի լուծման համար:

 Կարծում ենք, որ պետք է չբացառել, նմանօրինակ սցենարի զարգացումը, քանի որ Ռուսաստանը բավական սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ և այս դեպքում կարող է առաջարկել ԼՂՀ որոշ տարածքների հանձնում Ադրբեջանին, որպեսզի կարողանա կասեցնել ադրբեջանական հարձակումը:

Աֆրինում տեղի ունեցող գործողությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանը ոչ հուսալի դաշնակից է  և, որ կարող է վճռորոշ պահին իր դաշնակիցներին, որպես մանրադրամ օգտագործել՝ միջազգային քաղաքական  կարևոր առևտրի ժամանակ:

Այս ամենը պետք է օգնի հայկական կողմին՝ գտնելու այնպիսի լուծումներ, որը հնարավորություն չի տա Ռուսաստանին,  ստիպելու Ղարաբաղին հանձնել տարածքներ՝ պատերազմ չսկսելու դիմաց:

 


Այս թեմայով