Ռուսաստանը դառնում է Ուկրաինայի թշնամի

ւկՄարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեն չի լուծի Ուկրաինայի շուրջ ձեւավորված ճգնաժամը, այլ կտրանսֆորմացնի այն՝ փոխելով նրա բովանդակությունը: Ամեն ինչ տանում է նրան, որ Ղրիմը կողմ կքվեարկի Ռուսաստանին միանալուն, Ռուսաստանը սեփական որոշմամբ սեփական կազմ կընդունի Ղրիմը եւ սահմանված կարգով Ռուսաստանի դաշնության նախագահը այնտեղ կնշանակի նահանգապետ: Սրանից հետո, թերեւս, վրա կհասնի ամենապայթյունավտանգ պահը. Ղրիմի տարածքում են գտնվում ուկրաինական զորքեր, եւ Ռուսաստանը բնականաբար Ղրիմին սեփական կազմ ընդունելուց հետո չի կարող հանդուրժել նրանց ներկայությունը այդ տարածքում: Ուկրաինական զորքերն էլ պիտի համարեն, որ իրենք գտնվում են այնտեղ, ուր եւ պետք է գտնվեն: Հարցը, ուրեմն, հետեւյալն է` ինչպե՞ս կլուծվի այս խնդիրը, ի՞նչ հրաման կստանան ուկրաինական զորքերը Կիեւից, կոնկրետ ինչպիսի՞ գործողություններ կձեռնարկեն ռուսական զորքերը:

Իհարկե, սա հնարավոր զարգացումների խտացված սցենարն է, եւ այս պահին խտացնելու հիմքեր կան: Բանն այն է, որ Ղրիմում եւ Ռուսաստանում կարծես չեն ցանկանում ժամանակ կորցնել, որովհետեւ հասկանում են, որ ժամանակն աշխատում է իրենց դեմ: Մյուս կողմից, սակայն, մինչեւ մարտի 16-ի հանրաքվեն չկայանա, չի կարելի պնդել, թե այն կկայանա: Ամեն ինչ կախված է Ռուսաստանի, ավելի կոնկրետ` նախագահ Պուտինի կամքից եւ նրանից, թե որքանով Արեւմուտքի, ԱՄՆ-ի փաստարկներն ու սպառնալիքները համոզիչ կթվան Ռուսաստանին: Այսօրվա կեցվածքով Ռուսաստանը ցույց է տալիս, որ չի պատրաստվում նահանջել, մինչդեռ Ուկրաինայում եւ Եվրոպայում ահագնանում է հարցը հետեւյալի մասին` արդյո՞ք Պուտինը կբավարարվի միայն Ղրիմով, թե մոտավորապես նույն ճակատագրին են արժանանալու նաեւ Խարկովի, Դոնեցկի, Լուգանսկի մարզերը: Հարցը ահագնանում է նաեւ այն պատճառով, որ չնայած ժամանակ առ ժամանակ հնչող սպառնալիքներին` Արեւմուտքը շոշափելի եւ տեսանելի պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, եւ կասկածի տակ է ընդհանրապես որեւէ բան անելու նրա ընդունակությունը: ԵՄ երկրներն, օրինակ, այս հարցում տարամետ շահեր ունեն. նրանցից մի քանիսը Ռուսաստանի խոշոր առեւտրային գործընկերներ են եւ պատժամիջոցները կարող են վնասել իրենց սեփական տնտեսությունները նույնպես: Դեռ լավ է՝ ձմեռն անցավ, թե չէ անհասկանալի վիճակ կստեղծվեր, եթե Ռուսաստանն էլ իր հերթին սպառնար փակել Եվրոպային մատակարարվող գազը:

Հիմա սակայն, Արեւմուտքի առաջ կոնկրետ խնդիր է դրված. նրանք ուզում են առավելագույնն անել մարտի 16-ի հանրաքվեն թույլ չտալու համար, որովհետեւ քանի դեռ այն տեղի չի ունեցել՝ հնարավոր է վերադառնալ նախակոնֆլիկտային վիճակին: Իսկ երբ այն տեղի ունենա, դա արդեն կլինի բոլորովին ուրիշ վիճակ: Մյուս կողմից, սակայն, հիմա արդեն կարելի է անել մեկ ուրիշ արձանագրում եւս. նպատակները, որ Մայդանից առաջ ուներ Ռուսաստանը, այլեւս անիրականանալի են: Այո, Ռուսաստանը կարող է Ուկրաինայից պոկել Ղրիմը, նույնիսկ Խարկովը, Դոնեցկն ու Լուգանսկը: Այն, ինչ միեւնույն է չի կարող անել Ռուսաստանը՝ Ուկրաինան պոկելն է Եվրոպայից: Իսկ սա նշանակում է, որ իրադարձությունները հենց այս օրերին հատում են այն կետը, որից հետո Ուկրաինան Ռուսաստանն ընկալելու է որպես թշնամի պետություն: Սա չի կարող անհետեւանք մնալ, չնայած` հիմա արդեն, ինչպես ասել ենք, կան կոնկրետ, շատ կոնկրետ հետեւանքներ: Մաքսային միությունն այնպիսին չի լինի այլեւս, ինչպիսին ուզում էր ՌԴ նախագահը, եթե իհարկե ընդհանրապես լինի: Առավելեւս՝ Եվրասիական միությունը:

Գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթը

 


Այս թեմայով