Ռուզաննա Խաչատրյանի գրառումը պետք է պատշաճ արձագանք ստանա Վիգեն Սարգսյանի կողմից

ԱԺ-ում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառմանը` նշել է, որ հարցը պետք է պատշաճ արձագանք ստանա. «Որովհետև տպավորություններ կան, որ Ռուզան խաչատրյանը խոսում է նախարար Վիգեն Սարգսյանի մասին և եթե դա այդպես է, ճիշտ կլինի, որ նախարարը շատ հստակ պարզաբանումներ տա  1992թ.-ին՝ իր բանակ չզորակոչվելու պատճառների մասին: Եբ ճիշտ կլինեն, որ այդ պատճառները լինեն բանավոր, ոչ թե փաստաթղթային: Կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրության մեջ արված այն գրառումը, թե  2000-2003թթ ծառայել է ՀՀ ԶՈւ-ում, պետք է պարզաբանվի, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իմանան, որ Վիգեն Սարգսյանը  իր ծառայությունը իրականացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես պաշտպանության նախարարի ռեֆերենտ»:

Հիշեցնենք, որ  Ռուզաննա Խաչատրյանը, մասնավորապես, գրել էր. «…Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։

Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»,- մասնավորապես նշել էր Ռուզաննա Խաչատրյանը։

 


Այս թեմայով