Ռուբլին ՀՀ ազգային արժույթ. ում պատվերն է կատարում վարչապետը

Medvedev_AbrahamyanՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին առաջարկել է ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների առեւտուրը կատարել ռուբլով եւ հրաժարվել դոլարից: Հայաստանի վարչապետի խոսքերն է մեջբերել «Росбалт»-ը:

«ԵՏՄ-ում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել փոխադարձ հաշվարկները ազգային արժույթով կատարելու համար եւ կրճատել դոլարիզացիան: Նաեւ արդիական է ներդաշնակ մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցերով փորձի փոխանակումը: Այս համատեքստում կարեւոր է  ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների երկկողմ առեւտուրը կատարել ռուբլով, առանց դոլարից կախվածություն ունենալու»,- ասել է ՀՀ վարչապետը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այս հայտարարությամբ կատարում է ՌԴ իշխանությունների հրահանգը: ՀՀ վարչապետի հայտարարությունից մոտ մեկ շաբաթ առաջ Ռուսաստանի Նախագահ Պուտինը օրենքի նախագիծ էր մտցրել ՌԴ-ի Պետդումա, որով առաջարկվում է հրաժարվել ԱՄՆ դոլարից` ԱՊՀ-ում: Այս օրենքով նախատեսվում է միասնական ֆինանսական շուկա ստեղծել Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի և ԱՊՀ-ի այլ երկրների միջև:

Հետաքրքիր է, թե ինչն է ստիպել Հովիկ Աբրահամյանին նման հայտարարությամբ հանդես գալ և ինչու է հենց Հայաստանը փորձում Արևմուտքի դեմ,  ՌԴ կողմից իրականացվող՝ այսպես կոչված պատժամիջոցների առաջամարտիկի դեր կատարել: Ամենայան հավանականությամբ սա Պուտին-Սարգսյան հանդիպման արդյունք է և Հովիկ Աբրահամյանը այս որոշման միայն իրականացնողն է, սակայն սրանից բխող հետևանքների պատասխանատվությունը միանշանակ առավելագույնս դրվելու է Հովիկ Աբրահամյանի ուսերին, որը կարող է անգամ բերել Հովիկ Աբրահամյանի հրաժարականին: Անգամ տնտեսագետ չլինելով կարելի է  հասկանալ, որ ռուսական ռուբլու նման անկայուն արժույթը չի կարող որևէ լավ բան խոստանալ Հայաստանին:  Նման տեմպերով առաջ  ընդանալու դեպքում կարծում ենք, որ հեռու չէ այն ժամանակը, երբ  Հայաստանը կհրաժարվի իր ազգային արժույթից: Ի վերջո չպետք է մոռանալ, որ Հովիկ Աբրահամյանը խոսելով ռուբլով կատարվելիք գործարքների մասին նշել է, որ պետք է  շատացվեն ազգային արժույթով իրականացվող գործարքները: Փաստորեն ռուսական ռուբլին ՀՀ վարչապետի համար արդեն իսկ ազգային արժույթ է:

Բորիս Մուրազի

Դիտվել է 1,033 անգամ
 


Այս թեմայով