Ռոբերտ Քուրքյանը հաստատեց տեղեկությունը. ԱԱԾ-ն իրեն է փնտրում՝ որպես զինված ապստամբության հրահրող

ԱԱԾ-ի հայտնաբերած ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ կասկածվող և դրա համար հետախուզման մեջ գտնվող Ռ. Ք-ն, նույն ինքը՝ ֆեյսբուքում գրանցված օգտատեր Robert Koorkyan-ը, ինչպես տեղեկացրել ենք, քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ խոսքը հենց իր մասին է, ԱԱԾ-ն իրեն է փնտրում: 

Մեր հարցին՝ դուք իրո՞ք ահաբեկչական գործողություն եք պատրաստել, ճի՞շտ է ԱԱԾ-ի հրապարակումը, ի՞նչ կասեք այդ մասին՝ նա պատասխանեց. «Իմ դեմ մեղադրանք են առաջադրել, որ ես մարդկանց հրահրել եմ զինյալ ապստամբության…Դե, Հայաստանի իշխանությունների համար բոլոր հակառակորդներն էլ ահաբեկիչներ են»: Հարցին՝ հատուկ խումբ ունեցե՞լ եք, «Սասնա ծռեր-2», մասնավորապես ի՞նչ եք պլանավորել անել, որ գրել են՝ նախապատրաստել են ահաբեկչական գործողություններ՝ Քուրքյանը պատասխանեց. «Ես ոչ մի խումբ էլ չեմ ունեցել եւ չունեմ, ես ունեցել եմ միտք, որը դուր է եկել ժողովրդին, իսկ սարսափի է մատնել իշխանություններին»:

Հարցրեցինք՝ մասնավորապես ո՞րն է եղել միտքը՝ նա պատասխանեց. «Միտքը եղել է սա, իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակում, որ հայ մարդը չունի խոսքի ազատություն եւ զրկված է ընտրությունների միջոցով կատարել խաղաղ իշխանափոխություն, ապստամբության իրավունքն արդարացված է»:

Հարցին՝ բայց ի՞նչ մեթոդով ու ի՞նչ միջոցներով, խոսքը զինված ապստամբության մասի՞ն է, կոնկրետ պլան ունեցե՞լ եք, ինչ-որ շենքեր գրավել, վնասել ինչ-որ պաշտոնյաների՝ նա պատասխանեց. «Ոչ, ես ասել եմ՝ եթե Ազգային ժողովի պատգամավորը կարող է լկտիաբար ասել, որ աղքատները եթե չեն կարող ապրել, թող չապրեն ու այդ լկտիության համար պատասխանատվության չենթարկվի, ուրեմն ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշպանության ցանկացած գնով»: Մենք նաեւ հարցրեցինք՝ ՀՀ-ում դուք համախոհներ ունեցե՞լ եք, գաղտնի հավաքվեր իրականացրե՞լ եք այդ գաղափարի շուրջ՝ նա պատասխանեց. «Բացեք հայկական Facebook-ը եւ կտեսնեք, որ ամբողջ ազատատենչ հայությունն է զզվանքով լցված այս ազգակործան իշխանությունների հանդեպ։ Դա միայն ինձ հատուկ չէ։ Ես ոչ կոնկրետ համախոհներ ունեմ, եւ առավել եւս՝ հավաքներ չեմ կազմակերպել»:

Հարցին՝ իշխանափոխության տարբեր ճանապարհներ կան, ինձ հետաքրքիր է, թե դուք ոնց եք պատկերացրել այդ իշխանափոխության գործընթացը, եթե ոչ ընտրությունների միջոցով՝ Քուրքյանը պատասխանեց. «Ես արտահայտել եմ միտք, որը հանգամանքներից ելնելով դուր է եկել աշխարհասփյուռ հայությանը, եւ այդ տեսակետից եթե նայեք, կարելի է ասել, որ համախոհներ ունեմ»: Նա վստահեցրեց, որ իրենք ոչ մի հավաք չեն իրականացրել, ԱԱԾ-ն խեղաթյուրում է՝ ըստ նրա, իսկ թե ռազմաքաղաքական շտաբն ինչով է զբաղվել՝ պատասխանեց. «Միայն հայտարարություններ է արել եւ փորձել է մեր ժողովրդին հորդորել, որ պայքարեն հանուն հայրենիքի ապագաղութացման եւ հանուն Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականության»:

Հարցին՝ ի՞նչ է հիմա պատրաստվում անել Ռոբերտ Քուրքյանը, երբ ԱԱԾ-ն իրեն է փնտրում՝ նա չպատասխանեց:

 


Այս թեմայով