Ռոբերտ Քոչարյանը մտադիր է ընդդիմադիր կուսակցություն ստեղծել. «РИА Новости»

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական «РИА Новости» գործակալությանը, որում խոսել է նաև իր՝ նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին:

«Եթե վերադառնում ես քաղաքականություն՝ պետք է մտածես այդ մասին»,- ասել է Քոչարյանը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք հիմնել իր կուսակցությունը:

Դեկտեմբերին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին, սակայն, երկրորդ նախագահն իր ստեղծվելիք նոր քաղաքական ուժով մասնակցել չի հասցնի:

«Ես եղել եմ անկուսակցական: Դա նշանակում է, որ ես պետք է ստեղծեմ կուսակություն զրոյից, այլ ոչ թե վերականգնեմ այն, ինչ մի ժամանակ եղել է: Ընդ որում՝ ես կցանկանայի մասնակցել ընտրություններին նոր, թարմացված թիմով», — ասել է երկրորդ նախագահը:

Նրա խոսքով՝ կուսակցության անունն իր համար սկզբունքային չէ: Առավել սկզբունքային են մոտեցումները: Քոչարյանը նշել է, որ ներկայում լուրջ «վակուում» է նկատում Հայաստանի ընդդիմադիր դաշտում, և այն պետք է անպայման «լցնել»՝ ելնելով երկրի շահերից:

Նա հավաստիացրել է, որ ձգտում չունի որևէ պաշտոն զբաղեցնելու՝ նշելով, որ եթե նման ցանկություն ունենար, ապա 10 տարի շարունակ չէր ապրի մասնավոր կյանքով:

Այս թեմայով