Պուտինն ու Նազարբաևը խնդրահարույց են անվանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն անդրադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Բոլոր թեմաներից, որոնք պետք է քննարկենք, մեզ համար խնդրահարույց է դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը», — ասել է Ն. Նազարբաևը:

Ինչին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է.

«Կա լայն օրակարգ ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների վերաբերյալ: Կան նաև խնդրահարույց հարցեր, ինչպես նրանք, որոնց մասին դուք նշեցիք»:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել մարտի 1-ի գործով` սահմանադրական կարգը տապալելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով։

ՀՔԾ-ն միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նրան կալանավորելու մասին։

Դատարանը, հաշվի առնելով ի պաշտոնե նրա համար սահմանված անձեռնմխելիությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընդունելի է համարել կալանավորումը, սակայն թույլ է տվել, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը վերադառնա իր աշխատանքին` 5 մլն դրամ գրավի դիմաց:

Այս թեմայով