Պուտինը փորձեց եւ տապալվեց. «Հրապարակ»

17951_b«Հրապարակ» թերթը գրում է. «Գուցե կան մարդիկ, որոնք պատկերացում ունեն, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ինչու էր Մոսկվա հրավիրել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին: Եթե նույնիսկ դատարկ ցուցամոլությունից այն կողմ Պուտինը որեւէ լուրջ հավակնություն ուներ, ապա, միեւնույն է, երեկ ԼՂՀ խնդրում իր առաքելությունը ՌԴ նախագահն ավարտեց կատարելապես ձեռնունայն:

Ինչպես հայտնի է, Սարգսյանը եւ Ալիեւը, Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ եւ ԱՄՆ-ի որոշիչ դերակատարմամբ, մայիսին հանդիպեցին Վիեննայում, հայտարարություն ընդունեցին, որից հետո նրանք պետք է որոշ միջանկյալ քայլեր կատարեին վստահության ամրապնդման ուղղությամբ, իսկ ամենաէականը` հունիսին նախատեսվում էր Ալիեւ-Սարգսյան երկկողմ հանդիպում` մադրիդյան սկզբունքների հիման վրա ԼՂ խնդրի լուծման շուրջ համաձայնության հասնելու համար: Մադրիդյան սկզբունքների որոշիչ կետերը հայտնի են դեռ 2009-ին եռանախագահների կողմից Լ’Աքվիլայում տարածված հայտարարությունից, ինչը նրանք հետագայում վերահաստատել են եւս մի քանի անգամ, այնպես որ, ոչ մի հեծանիվ չէր հայտնագործվելու, ոչ էլ դրա վրա ժամանակ էր վատնվելու:

Այժմ՝ հունիսին, Ալիեւը եւ Սարգսյանը, փոխարեն ի կատարումն Վիեննայում ձեռք բերված համաձայնությունների, միմյանց հանդիպեն, աշխատեն, բանակցեն, հանդիպեցին Պուտինին: Մոսկվայում Պուտինին հանդիպելը, բանջարեղենի արտահանման թեմայով ճամարտակելը, Վիեննայի հայտարարությունից մի քանի ֆրազի արտագրությամբ տեքստ տարածելը, վերջում էլ անելանելիությունից հայտարարելը, թե նորից Պուտինին կհանդիպեն, գուցե Սարգսյանի եւ Ալիեւի առողջությանը վնաս չէր: Բայց դրանից ԼՂ խնդրի կարգավորումը թեկուզ մի միլիմետր առաջ շարժվեց: Ընդամենը Պուտինը փորձեց իրենով Մինսկի խմբին փոխարինել եւ տապալվեց»:

Դիտվել է 401 անգամ
 


Այս թեմայով