Պուտինը գերազանցեց Ստալինին

big_4c7784d214ac5ea02ad40953ee9b8f40Եթե Ստալինին 20-րդ դարի կեսերին հաջողվեց իր դեմ միավորել Եվրոպան, եւ դրա արդյունքում հիմնադրվեց ՆԱՏՕ-ն, ապա նախագահ Պուտինն ակնհայտորեն հայտ է ներկայացնում 21-րդ դարասկզբին Ստալինի ձեռքբերումը գերազանցելու: Պուտինին կարծես վերջնականապես հաջողվեց իր դեմ միավորել ողջ աշխարհը` բացառությամբ Բաշար Ասադի, որը երեկ սատարման հեռագիր էր ուղարկել Պուտինին:

Իսկ մնացյալ մարդկությունը միասնական է եւ համամիտ, որ 21-րդ դարում չի կարելի միջազգային նորմեր խախտել, եւ նման ոտնձգությունը պետք է պատժվի: Այդ մտայնությամբ էլ երեկ Սպիտակ տունը եւ ԵՄ-ն հայտարարեցին Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված քայլերի մասին: Մասնավորապես ԱՄՆ-ն երեկ այցագրային արգելքներ հաստատեց ռուսաստանցի պաշտոնյաների եւ անհատների դեմ, որոնք կապ ունեն Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության համար սպառնալիք հանդիսացող գործողությունների հետ: Միաժամանակ նախագահ Օբաման կարգադրություն ստորագրեց, որով ԱՄՆ ֆինանսական կառույցները լիազորվում են արգելանք դնել ռուս պաշտոնյաների, անհատների եւ կազմակերպությունների ֆինանսական եւ գույքային ունեցվածքի վրա ԱՄՆ տարածքում եւ արտերկրի ամերիկյան հաստատություններում:

Իր հերթին Բրյուսելում Եվրոպական խորհրդի արտակարգ նիստին մասնակցող ԵՄ ղեկավարները հաստատեցին ԵՄ երեք փուլից բաղկացած պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Դադարեցվեցին ԵՄ-ՌԴ համաձայնագրի եւ վիզային ռեժիմի դյուրացման բոլոր աշխատանքները: Առաջիկա մի քանի օրերին եթե չձեւավորվի Շփման խումբ եւ ուղղակի շփումներ ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ, ապա ԵՄ-ն նույնպես ռուս պաշտոնյաների, անհատների եւ կազմակերպությունների համար այցագրային արգելքներ կսահմանի եւ ակտիվների սառեցման կգնա: Իսկ եթե իրադրությունը դրանից հետո էլ չկարգավորվի, կամ Մոսկվան որեւէ քայլով իրադրությունը վատթարացնի, ապա Եվրամիության երկրները համաձայնության են եկել խստագույն եւ հեռահար տնտեսական պատժամիջոցների դիմելու հարցում:

Թեեւ ոչ Եվրոպայի խորհրդի նախագահ Վան Ռոմպույը, ոչ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս վերջին բլոկի պատժամիջոցները չմանրամասնեցին, այդուհանդերձ, այլ հայտարարություններից ընկալելի է, որ Եվրոպան հրաժարվելու է ռուսական էներգակիրներից: Կան ենթադրություններ, որ Իրանի դեմ էմբարգոն կհանվի, եւ Եվրոպան ռուսականի փոխարեն իրանական նավթ կգնի: Նույնկերպ ծրագրեր կան ռուսական գազից հրաժարվելու: Օրերս անգամ տեղեկություն կար, որ Ուկրաինան կարող է գազ ներմուծել Գերմանիայից, նման առաջարկը սեղանին է:

Վերջապես Ղրիմից երեկ հնչած էքստրավագանտ հայտարարության կապակցությամբ, թե Ղրիմը դուրս է գալիս Ուկրաինայի կազմից եւ միանում է Ռուսաստանին, ամենից դիպուկ արձագանքեց երեւի Ֆրանսիայի ԱԳ նախարարը. «Եթե ամեն ներպետական միավոր որոշի, թե այս պետությունից հեռանում է՝ մյուսին միանա, այդպես երկրագնդի վրայից կվերանա կարգուկանոնը եւ խաղաղությունը»: Իրավական առումով բոլոր ատյաններից հնչեց, որ Ղրիմի ինքնորոշման հանրաքվեն հակաօրինական է, որովհետեւ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու  տարածքային ամբողջականությանն առնչվող հարցերը, համաձայն Ուկրաինայի սահմանադրության, ենթակա են որոշման Ուկրաինայի ժողովրդի կողմից: Դա նշանակում է համաուկրաինական հանրաքվե:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 133 անգամ
 


Այս թեմայով