Պոռնոծառայություններ առաջարկողներն էլ կցանկանան օրենք անցկացնել ԱԺ-ում, որով հնարավոր կլինի իրենց ապրանքը գովազդել

պօֆՍարսափելի է ուղղակի: ԱԺ 131 պատգամավորից 85-ը կողմ է, որ հեռուստաընկերությունները փող աշխատեն թունդ ալկոհոլային խմիչքների գովազդից: Ժամը 22:00-06:00-ն այսուհետ մեր հեռուստաէկրանին երեւալու է օղի գովազդող տեսահոլովակ:

Եթե ոմանց թվում է, թե սրանով փրկում են հեռուստաընկերություններին, օգնում լավ հաղորդումներ պատրաստել, ապա չարաչար սխալվում են: Եվ հետո` իրենք չեն ամենախելոքը: Եթե հեռուստաընկերությունն զբաղված է աղբ ցուցադրելով, ինչքան էլ փողը շատ լինի, միեւնույն է, աղբ է ցուցադրելու: Դրա ապացույցը մեր այսօրվա բավականին հարուստ հեռուստաալիքներն են, որոնք, միեւնույն է, աղբ են արտադրում եւ սփռում: Վաղը մենք կտեսնենք, որ այդ նույն աղբն են սփռում, բայց արդեն բավականին ավելի թանկարժեք աղբ:

Յուրաքանչյուր օրենք, որ ընդունվում է, ունի որոշակի հոգեբանություն: Ով տեսնում` տեսնում է, ով չէ` հանդես է գալիս հերթական ապուշ նախաձեռնությամբ: Առաջիկայում մեզ սպասվում է հերթական տափակությունը.  այս անգամ` խաղատներ ՀՀ քաղաքացիների մուտքը սահմանափակող նախաձեռնության տեսքով: Ճիշտ է, դրա հեղինակներն իմ կողմից շատ հարգված մարդիկ են, բայց դարձյալ պետք է պնդեմ, որ դա հերթական ապուշությունն է լինելու: Կգա օրը` կխոսենք նաեւ այդ օրենքի մասին, իսկ առայժմ շարունակենք մեր ասելիքը հարգարժան 85 պատգամավորների` նեգատիվի գովազդմամբ պոզիտիվ ձգտումների մասին:

Վստահաբար, օղի արտադրողներից եւ ներմուծողներից է գալիս առաջարկը, որ իրենք հեռուստաընկերություններին լավ կվճարեն, եթե իրենց ապրանքը որոշակի ժամերի գովազդվի հեռուստատեսությամբ: Բնականաբար, նրանք պատրաստ են եղել նաեւ պատգամավորներին «նայել», եթե նրանք կողմ քվեարկեն օրենքի այդ փոփոխությանը: Փաստորեն, փող են աշխատում թե աղքատ հեռուստաընկերությունները եւ թե խեղճ, կարիքի մեջ գտնվող պատգամավորները: Խոսքը ծախուների մասին է:

Մեր կարծիքով, գովազդ տեղադրելու համար դեմ չեն լինի վճարել նաեւ սիգարետ արտադրողներն ու ներմուծողները: Դե, իսկ պոռնոինդուստրիայի բոսերն ու պոռնոծառայություններ առաջարկողներն ուղղակի իրար գլուխ կջարդեն այն բանի համար, որ իրենց ապրանքը գովազդվի: Կարելի է մի քիչ ավելի ուշ ժամի, օրինակ` 23:00-ից հետո: Նրանք էլ պատգամավորներին չեն մոռանա ինչպես հարկն է «նայել», միայն թե 85 կողմ ձայն ունենան Հայաստանի պառլամենտում: Դժվար չէ հաշվել, կարծում ենք, որ հեռուստաընկերությունների հավելյալ եկամուտները միանգամից կեռապատկվեն, եւ նրանք հնարավորություն կունենան ծխախոտի գովազդի փողերով հակածխախոտային հաղորդումներ պատրաստել, պոռնոաստղերի փողերով բարոյականություն քարոզել, իսկ մեր ծախուներն էլ կկարողանան համեստի մեջ հերթական առանձնատունը կառուցել:

Մանրամասնները «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Դիտվել է 151 անգամ
 


Այս թեմայով