ՊՆ-ն մերժել է «զինված հանցախմբի անդամների» խնդրանքը. ուշագրավ զարգացումներ

default (2)«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում գտնվող տներից մեկում Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծվել էր հանցավոր խումբ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանցախմբի անդամների գրեթե մեծ մասն արդեն ցուցմունք է տվել, ինչից հետո այս օրերին կալանավորված եւ ձերբակալված անձանց թիվը հասել է մոտ 5 տասնյակի…, եւ թիրախում են նաեւ ընդդիմադիր շատ գործիչներ: Այս գործով կալանավորված անձանց ցուցմունքներից «Ժողովուրդ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, որոնց հավաստիությունը մեզ չհաջողվեց պաշտոնապես ճշտել, քանի որ ԱԱԾ-ն հանցախմբին առնչվող հարցերին ունի մեկ պատասխան՝ նախաքննությունը շարունակվում է: Ուստի մեզ մնում է հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրներին՝ հայտնել, որ կալանավորված անձինք իրավապահների հետ բանավոր զրույցում հայտնել են, թե նշյալ հասցեում հայտնաբերված զենքերը չէին օգտագործելու հայերի դեմ եւ երբեք իրենց թույլ չէին տա ձեռք բարձրացնել հայի վրա: Ու երբ իրավապահները նրանցից հետաքրքրվել են` եթե այդպես է, ապա ինչ նպատակով էին այդքան զենք ձեռք բերել, նրանք պատասխանել են, թե. «Արթուր Վարդանյանը սկզբում ասել է, որ այս զենքերով կկռվենք հանուն Քեսաբի, իսկ ավելի ուշ պլանները փոխվել են, եւ նրանց ասել են, թե այս զենքերով Ղարաբաղի համար ենք գնալու կռիվ»:

Քննիչները կալանավորված անձանց ուշագրավ դիտարկում են արել, որ եթե ուզում էիք Ղարաբաղի համար կռվել, ինչո՞ւ պաշտպանության նախարարություն չէիք դիմում, այլ Արթուր Վարդանյանի շուրջ եք համախմբվել: Շատ ազատամարտիկներ գրեթե միաբերան հայտնել են, որ իրենք իրենց տվյալները, փաստաթղթերը ՀՀ պաշտպանության նախարարությանն են ներկայացրել` հայտնելով, որ ուզում են կամավոր գնալ Ղարաբաղ, օգնել մեր զինվորներին, կռվել, սակայն նախարարությունը մերժել է ազատամարտիկների խնդրանքը՝ նշելով, թե ձեր տարիքը լրացել է, չեք կարող: Դրա համար էլ համախմբվել են Արթուր Վարդանյանի շուրջ` նկատի ունենալով, որ «Հայոց վահան» ՀԿ-ն մեծ ներդրում է ունեցել Քեսաբի ազատագրման գործում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով