Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » ՊՆ մի քանի բարձրաստիճան զինվորականներ Վրաստանում անօրինական զենք են վաճառել

ՊՆ մի քանի բարձրաստիճան զինվորականներ Վրաստանում անօրինական զենք են վաճառել

imageԵրեկ «Մեդիա կենտրոնում» իրավապաշտպաններն ու իրավապահները զրուցում էին «Մարդու իրավունքները՝ զինված ուժերում» թեմայով: Ներկա էին նաեւ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, Կենտրոնական զինվորական դատախազության ներկայացուցիչը, ՀԿ-ների ներկայացուցիչներ: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մի մոռացված կոռուպցիոն պատմություն հիշատակեց, որը զրույցի ամենատպավորիչ հատվածն էր:
ԳՐԵՑԻՆՔ ԵՎ ՄՈՌԱՑԱՆՔ
2012 թվականին ԶԼՄ-ներում, այդ թվում՝ մեր թերթում, թռուցիկ լուր հայտնվեց ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, «Գել» մականունով Գարեգին Գաբրիելյանի տեղակալ Վանիկ Մանուկյանի կալանավորման մասին: Նրան մեղադրել էին զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի մեջ: Հրապարակումներում նշվում էր, որ Գաբրիելյանը վաճառել է մեծ քանակությամբ փամփուշտներ: Գրվեց նաեւ ՊՆ ինչ-որ անհայտ պաշտոնյայի մասին, որն առնչվել է հանցագործությանը: Սակայն եւ նա, եւ Գելը մնացին անպատիժ: Իսկ Գաբրիելյանի տեղակալի՝ Վանիկ Մանուկյանի մասով գործը գնաց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Թե ինչ եղավ հետո, մութ է: ԶԼՄ-ները մոռացան թեման, իսկ դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գործը քննեց փակ եւ արագացված կարգով: Օրերս իրավապաշտպանների օգնությամբ մեր ձեռքում հայտնվեցին երեք տարվա վաղեմության դատաքննության նյութերը:
3 ՏԱՍՆՅԱԿ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ԴԵՄ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑՎԵՑ ՈՒ ԿԱՐՃՎԵՑ
Ըստ դատավճռի, խոսքը ոչ թե մեծաքանակ փամփուշտների ապօրինի վաճառքի մասին է, այլ մի ամբողջ զինանոցի, իսկ ներգրավված անձինք եղել են մոտ 3 տասնյակ՝ բոլորը ՊՆ եւ ներքին զորքերի պաշտոնատար անձինք: Նրանց մի մասը մինչ օրս պաշտոնավարում է: 2012 թվականի այս դատաքննության նյութերում նշված անունների ցուցակը տպավորիչ է. ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյան, ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյան, Պնախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյան, նույն դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ Սերոբ Աբրահամյան եւ բաժնի պետ Արամ Սուքիասյան, ՀՀ ՈԶ հրամանատարի թիկունքի գծով նախկին տեղակալ Արա Մալխասյան, ՀՀ ՈԶ այլ նախկին եւ ներկա ղեկավար աշխատակիցներ, ՊՆ N զորամասի սպառազինության եւ ռազմատեխնիկական ունեցվածքի պահպանության բաժնի պահեստի նախկին պետ Մհեր Իսկանդարյան, զորամասի հրաձգային սպառազինության պահպանման բաժնի պետ Հայկ Թաթարյան, ֆինանսական բաժնի պետ Հրաչ Զաքարյան, ԶՈՒ սպառազինության վարչության ծառայության պետի նախկին տեղակալ Հովիկ Կարապետյան, հաշվառման բաժնի պետի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Էնրիկո Ապրիամով եւ այլք: 5 ամիս քննություն իրականացնելուց հետո ՀՔԾ-ն 3 տասնյակ պաշտոնյաների ուղղակի «մաքրել է»՝ նախ տարբեր հոդվածներով քրգործեր է հարուցել, ապա հանցակազմի բացակայությամբ կարճել դրանք: Միակ մեղավորը վերջում մնացել է Գելի տեղակալը՝ Վանիկ Մանուկյանը:
Www.hraparak.am

Դիտվել է 1,446 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy