Պերմյակովի դեմքը խորացրեց կասկածները

hanc 2«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Հայաստանի քննչական կոմիտեն տեսանյութ է տարածել, որտեղ դրվագ է Վալերի Պերմյակովի հարցաքննությունից։

Պերմյակովի հարցաքննության դրվագի տեսանյութը կասկածներ է խորացնում հասարակության մեջ ոչ թե նրա հանդեպ քննչական գործողությունների լիարժեքության կապակցությամբ, այլ այն կապակցությամբ, որ Պերմյակովը Գյումրիի ողբերգական դեպքի միակ կամ հիմնական դերակատարը չէ։ հասարակությունն այս կապակցությամբ հարցեր ուներ արդեն իսկ դեպքի մանրամասներին տեղեկանլուց հետո, եւ այդ կասկածները խորացրեց տարածված տեսանյութը, որտեղ կասկածյալի դեմքն արտահայտում էր զարմանալի հանգստություն, մեղքի գիտակցման գրեթե կատարյալ բացակայություն։ Յոթ մարդ, այդ թվում՝ քնած երեխաներ գնդակահարած ու սվինահարած մարդը ոչ միայն տասը օր, այլ նույնիսկ 10 տարի հետո անգամ հազիվ թե կարողանա հասնել դեմքի այնպիսի հանգստության ու հանդարտության, ինչպիսին Պորմյակովի դեմքն է հարցաքննության մասին տեսանյութում։ Եվ սա վերստին խորացնում է կասկածները, որ նա ընտանիքը ոչնչացրել է բացարձակապես ոչ աֆեկտի պայմաններում, այլ միանգամայն գիտակցված, սառնասրտորեն, նպատակային։ Կամ Ավետիսյանների ընտանիքը ոչնչացնողն իսկապես լիովին այլ անձ է եղել, եւ Պերմյակովն ուղղակի որպես պատասխան տվող է այս դեպքում։ Քիչ հավանական է թվում նաեւ ոչ ադեկվատության, այսպես ասած՝ մտավոր հետամնացության տարբերակը։ Համենայնդեպս, կասկածյալի դեմքի արտահայտությունը նմանօրինակ եզրահանգման հիմքեր կարծես թե չէր տալիս, թեեւ իհարկե մենք խոսում ենք, այսպես ասած, սիրողական հայացքի տեսանկյունից, եւ նրա դեմքը պատկերող տեսագրությունը միգուցե հետաքրքիր կլիներ ենթարկել մասնագիտական հոգեբանական կամ հոգեվերլուծական դիտարկման»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 61 անգամ
 


Այս թեմայով