Պետք չէր մեկին սնանկացնել՝ մյուսին ստեղծելու համար

airՀայաստանյան ավիատարածքում բաց երկնքի քաղաքականություն կիրառելուց հետո ավիատոմսերի գները զգալի նվազել են։ Ավիատոմսեր վաճառող ընկերության աշխատակցուհին մեզ տեղեկացրեց, որ, օրինակ, Երեւան-Մոսկվա չվերթի տոմսը նախկինում 110 հազար դրամ արժեր, իսկ այժմ 84 հազար է դարձել։ Այդ գնային փոփոխությունն ուղեւորահոսքի վրա գրեթե չի ազդել, քանի որ գնացողը, միեւնույն է, գնում է, պարզապես արդեն համեմատաբար ցածր գնով։ Փաստորեն, ավիատոմսերի գները մատչելի դարձան «Արմավիայի»՝ ազգային փոխադրողի սնանկանալուց հետո։

«Բաց երկնքի քաղաքականությունը որոշակի մրցակցություն է առաջացրել։ Տարբեր երկրներում, նման սակագնային քաղաքականության հետ համեմատած, մասնավորապես «Զվարթնոց» օդանավակայանի սակագները, որոնք ունեին բարձր նիշեր, հավանաբար իջել են, քանի որ իջել են տոմսերի գները, այլապես ուրիշ պատճառ չեմ տեսնում։ Գուցե «Արմավիայի» սնանկացումը դաս եղավ, որ արդյունքում սակագներն իջան, դա պետք է արվեր ավելի շուտ, որպեսզի «Արմավիան» չսնանկանար, եւ մենք չզրկվեինք ազգային փոխադրողից։ Ցաքուցրիվ եղան, գնացին, երբ որ կարելի էր ժամանակին այդ հարցերը քննարկել, ընթացք տալ, արդյունքում մենք կորցրինք մեր սպասարկող կազմը»,- ասում է Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանը։ Ըստ նրա, «Արմավիայի» գների ծավալի 80 տոկոսից ավելին պայմանավորված էր տեղական օդանավակայանի՝ «Զվարթնոցի» ծառայությունների բարձր գներով. «Իսկ, ասենք, բրիտանական կամ ֆրանսիական ավիաընկերությունների ծավալի մեջ հայկական չվերթները շատ չնչին տոկոս են կազմում, եւ անգամ բարձր գների դեպքում նրանք կարողանում էին այլ թռիչքների հաշվին ծախսերը փակել, բայց «Արմավիան», չունենալով այդ հնարավորությունը, մրցակցությանը չդիմացավ։ Եվ հիմա չկա ազգային փոխադրող, բացառությամբ «Էյր Արմենիայի», որը մեկ թե երկու օդանավ ունի, բայց մեր խնդիրն այն է, որ ոչ թե մի ազգային ավիաուղի պիտի լիներ, այլ մի քանի «Արմավիա» լիներ, ընդ որում՝ պետության մասնակցությամբ, որ պետությունը բաժնետոմսեր ունենար եւ կարողանար մասնավոր ընկերությամբ ավիափոխադրումներն իրականացնել»։

Նկատենք, որ շատերը չեն կիսում այս կարծիքը եւ համարում են, որ ազգային ավիափոխադրող ունենալ նշանակում է «փակ երկնքի» քաղաքականություն տանել եւ մենաշնորհ ստեղծել մի ընկերության համար, որն էլ հանգեցրել էր բարձր գների եւ, ի վերջո՝ սնանկացման:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 24 անգամ
 


Այս թեմայով