Պետք է ստեղծել երկարատև կայուն աճի նախադրյալներ. Հովիկ Աբրահամյան

hovik6-472x2652016 թվականի պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն. Ազգային ժողովում բյուջեի ծրագրի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ բյուջետային ծախսերի ամբողջ ծավալի շուրջ կեսը կազմում են կրթական, սոցիալական, առողջապահության բնագավառների ծախսերը:

 

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ 2016-ին ևս շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրվող ֆինանսական աջակցությունը:

 

Վարչապետը խոսեց նաև հարկաբյուջետային զարգացումներից. «Գլոբալ կառուցվածքային փոփոխությունները և լարված աշխարհագրական զարգացումները հաշվի առնելով` տնտեսական աճի և հանրային բարեկեցության բոլոր ասպեկտներով անմիջական բարելավումներ խոստանալն ամբոխահաճո, սակայն ոչ ազնիվ մոտեցում է»,- ասաց նա:

 

Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ և կառույցներ 2015-ի թվականի զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. միջազգային ճգնաժամը:

 

«Էներգակիրների գների կտրուկ տատանումներով է պայմանավորված տարադրամային տատանումները ՌԴ-ում, որոնք բերեցին տարածաշրջանային երկրների տարադրամի անկման: Նման անկումը էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը: Այս պայմաներում Հայաստանում ինը ամիսների ընթացքում գրանցված շուրջ 3,6 տոկոս տնտեսական աճը մեր մոտեցման արտացոլումն Է»,- ասաց նա:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ արտաքին պայմանների վատթարացման դեպքում հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների միջոցով աշխատատեղերի ստեղծումն է: «Հարկ է հնարավորինս խթանել հայրենի արտադրողին, խրախուսել արտահանումը , ստեղծել երկարատև և կայուն աճի նախադրյալներ»,- ասաց նա:

 

ՀՀ վարչապետի խոսքով՝ տնտեսական աճի տեմպերի այսպիսի նվազեցման պայմաններում ՀՀ կառավարության ծրագրով նախանշված կառավարման և կառուցվածքային բարեփոխումներին զուգահեռ գործարար միջավայրի համար խիստ կարևոր է հարկաբյուջետային կայունությունը և հենց այդ առումով բացարձակ կարևորություն է ստանում ՀՀ նոր հարկային օրենքի քննարկումն ու ընդունումը:

 

Հովիկ Աբրահամյանը նաև նշեց, որ ինքը Ֆինանսների նախարարությանը տվել է ուղղորդող ցուցումներ, ինչպես՝ նախատեսել երկարաժամկետ աճի խթանում՝ չկենտրոնանալով կարճաժամկետ արդյունքների ցուցանիշների վրա:

 

«Հարկային համակարգում հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա. որպես հիմնադրույթ հարկ է ընդունել բյուջեի թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ կայունությունը»,- ասաց նա և հավելեց, թե բարեփոխումները պետք է իրագործվեն երեքից հինգ տարվա ընթացքում հարկային համակարգում կայունություն ապահովելու նպատակով:

Դիտվել է 32 անգամ
 


Այս թեմայով