Պետք է ապահովվի օրենքի առաջ բոլորի հավասարությունը

_____03Ոստիկանությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, տեղեկացնում է ոստիկանության կայքը:

 Խորհրդակցությանը մասնակցել են Ճանապարհային ոստիկանության ղեկավարությունը, ստորաբաժանումների պատասխանատուները, ոստիկանության կենտրոնական ապարատի համապատասխան ծառայությունների ղեկավարներ:

 Վլադիմիր Գասպարյանը մասնակիցներին ներկայացրել է խորհրդակցության նպատակն ու խնդիրները՝ ՀՀ Նախագահի վերահսկողության ծառայության՝ Ճանապարհային ոստիկանությունում իրականացրած հետազոտությունների արդյունքների և հիմնախնդիրների լուծման ուղիների քննարկում:

Ստուգումներով ի հայտ բերված խնդիրները ներկայացրել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը: Անդրադառնալով կեղծ համարանիշերով ու տեխնիկական փաստաթղթերով, նաև հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաների հայտնաբերման խնդրին՝ Վլադիմիր Գասպարյանը հանձնարարել է կարճ ժամանակում շրջանառության մեջ դնել մայրաքաղաքի մուտքերն ու ելքերը հսկող սարքեր, իսկ մարզերում օգտագործել նույն սարքավորումների շրջիկ տարբերակները:

Ոստիկանության պետը նաև հրահանգել է սեղմ ժամկետում կազմավորել միջգերատեսչական աշխատանքային խումբ ու հանձնաժողով և ակտիվացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների նախապատրաստումը:

Վլադիմիր Գասպարյանը կարևորել է լրատվամիջոցների հետ աշխատանքի ակտիվացման անհրաժեշտությունը՝ ճանապարհային ոստիկանության գործունեությունը լուսաբանող հրապարակումների մասնագիտական որակի բարելավման նպատակով:

Վարորդ-քաղաքացու հետ ճանապարհային ոստիկանի աշխատանքի արմատական փոփոխության պահանջ դնելով՝ ոստիկանության պետը կրկին ընդգծել է օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու խնդիրը, ինչը ոստիկանության նախաձեռնությունների հանդեպ հանրային վստահության գրավականն է:

Ոստիկանության պետը կարևորել է Ճանապարհային ոստիկանության անձնակազմի մասնագիտական պատրաստականության, յուրաքանչյուրի անձնական պատասխանատվության, կատարողական կարգապահության բարձրացման խնդիրները՝ հանրապետության Նախագահի հանձնարարականները ժամանակին ու լիարժեք կատարելու համատեքստում:

Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է ու պահանջել ոստիկանության օրինակով քաղաքացու համար պարտադիր դարձնել օրենքի պահանջների անվերապահ կատարումն ու օրինահարգությունը:

 

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվել են կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ՝ ըստ ոլորտների և իրականացման ժամկետների:

Դիտվել է 37 անգամ
 


Այս թեմայով