Պետությունը սուբսիդավորելու է գերակա ոլորտների վարկային տոկոսները

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ բանկային համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը:

Վարչապետը կարեւորել է ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումների անցկացումը եւ ընդգծել, որ կառավարության նոր ծրագրում հստակ ներկայացվելու են այն գերակա ոլորտները, ուղղությունները, որոնք համարվում են բիզնեսի, տնտեսության զարգացման համար արդյունավետ եւ ներուժ ունեցող:

«Մենք հստակ հայտարարելու ենք, որ պետությունն իր մասնաբաժինն է ունենալու եւ սուբսիդավորելու  է գերակա ոլորտների վարկային տոկոսները: Խոսքը վերաբերում է գյուղատնտեսությանը, թեթեւ արդյունաբերությանը, կաշվի վերամշակմանը, կոշիկի արտադրությանը, գորգագործությանը, ինչպես նաեւ արտահանմանը»,- նշել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարի խոսքով, գյուղատնտեսության ոլորտում ախտորոշումը ցույց է տվել, որ պետք է սկզբունքորեն բարձրացնել արդյունավետությունը՝ ներդնելով կաթիլային համակարգեր, ինտենսիվ այգիներ, ջերմոցային տնտեսություններ եւ նոր գյուղտեխնիկա:

«Այս ուղղություններով գյուղնախարարությունը մշակել է ֆինանսավորման հայտանիշեր, բանաձեւեր: Մենք  վարկի մարման առաջին երկու տարում կանգնելու ենք գյուղացու կողքին եւ սուբսիդավորելու վարկի տոկոսագումարի գերիշխող մասը՝ 70-80 տոկոսը:  Մշակված նման բանաձեւեր ունենք նաեւ թեթեւ արդյունաբերության համար»,- ասել է վարչապետը: Գործադիրի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարել է կարճ ժամանակահատվածում բանկային համակարգին ներկայացնել նշված ոլորտների ֆինանսավորման հայտանիշերը:

Այնուհետեւ քննարկվել են արտահանման ոլորտների ֆինանսավորմանը, բանկերում առկա ակտիվների իրացմանը, տնտեսության տարբեր ճյուղերի վարկավորմանը, բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ներդրմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, բանկային համակարգի զարգացմանն ու առկա խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Բանկային համակարգի ներկայացուցիչները ողջունել են կառավարության նախաձեռնողականությունը, մասնավորապես, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության ակտիվ գործունեությունը՝ արտահանողների խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվել է, որ այն մեծապես նպաստել է նաեւ վարկային ռիսկերի նվազեցմանը:

Դիտվել է 82 անգամ
 


Այս թեմայով