Պետական մակարդակով ռեկետ՝ եկամտային հարկ կգանձվի ավտոմեքենաների վաճառքից

2018թ-ի հունվարի մեկից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանվել է հերթական գլխացավանքը մեր քաղաքացիների համար:

Ներկայումս գործող օրենսդրությամբ, եթե քաղաքացին մեկ օրացուցային տարվա ընթացքում վաճառում է երկրորդ ավտոմեքենան, ապա այդ գործարքը դիտվում է ապրանքի մատակարարում, որի համար քաղաքացին վճարում է 16.67 % ԱԱՀ: Այս դրույթը գործում է 2007թ-ից և արդեն բազմաթիվ քաղաքացիների համար գլխացավանք է դարձել:

Եվ հիմա՝ 10 տարի անց, վերջապես հասկանալով այս դրույթի անհեռատեսությունը, հարկային օրենսգրքում այս դրույթը հանվել է: Բայց պետությունը չի հրաժարվել ավտոմեքենաների վաճառքներից գումարներ գանձելուց: Այսպես՝ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) և 150-րդ հոդվածի 10-րդ կետի 1) ենթակետերով սահմանվել է, որ եթե քաղաքացին անձնական օգտագործման ավտոմեքենան օտարում է ձեռք բերելուց հետո 3 ամսվա ընթացքում, ապա պետք է վճարի 10% եկամտային հարկ: Նույն հոդվածներով սահմանվել է նաև, որ եթե քաղաքացին անշարժ գույքն օտարում է ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա նույնպես պետք է վճարի 10% եկամտային հարկ:

Իհարկե լավ է, որ պետությունը հրաժարվում է ավտոմեքենաների վաճառքից ԱԱՀ գանձելու դրույթներից, սակայն անընդունելի են նաև այս նոր դրույթները: Դիցուք՝ քաղաքացին գնել է ավտոմեքենա և օրինակ հանկարծակի առաջացած ֆինանսական, առողջական կամ այլ հարգելի պատճառներով մինչև 3 ամիսը լրանալը վաճառում է, ինչու պետք է մի հատ էլ 10% հարկ վճարի պետությանը: Կամ նույն քաղաքացին մեքենայի հետ գնելով ավտոտնակ, մինչև մեկ տարին լրանալը մեքենա չունենալու պատճառով վաճառում է նաև ավտոտնակը, ինչու պետք է մի հատ էլ ավտոտնակի վաճառքից 10 % հարկ վճարի:

Մնում է հուսալ, որ այս նոր դրույթները նախկինի նման 10 տարի չեն գործի և պետությունը շատ շուտով վերջնականապես կհրաժարվի նման իրավանորմերից:

 Սկզբնաղբյուր՝ hark.am

 


Այս թեմայով