ՊԵԿ փոխնախագահը վստահեցնում է` ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի

Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:

«Հիմա մամուլում կարծես թե ապատեղեկատվություն է շրջանառվում` կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծման, մասնավորապես, զուգահեռ ներմուծման մասով: Դրանցում ասվում է, որ 2018 թվականից մասնավորապես ֆիզիկական անձինք չեն կարողանա մեքենա ներմուծել երրորդ երկրներից: Ես ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018 հունվարի 1-ից Ճապոնիայից որևէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,-ասաց Վախթանգ Միրումյանը:

Նա նշեց, որ 2015-ի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ի թիվս այլ բացառությունների Հայաստանը զուգահեռ ներմուծման արգելքի մասով ստացավ երեք տարի անցումային ժամանակահատված: Այսինքն` հաջորդ տարվանից վերոնշյալ սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:

«Դա նշանակում է, որ երեք տարի հետո, եթե որևէ ապրանքատեսակի ներմուծման մասով իրավատերը իր իրավունքները գրանցել է իրավունքների գրանցման ռեեստրում, ապա այլ հավասար պայմաններում բիզնես նպատակով ապրանքներ ներմուծող անձինք պետք է ստանան իրավատիրոջ համաձայնությունը»,-ավելացրեց նա:

Այս թեմայով