ՊԵԿ-ում նոր վարչության պետ է նշանակվել

ՊԵԿ նախագահի հրամանով՝ 2018թ. հուլիսի 16-ից Աշոտ Հովհաննեսի Մուրադյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ: Աշոտ Մուրադյանն ունի 15 տարվա կառավարման փորձ պետական և մասնավոր հատվածներում:

Մասնավորապես, հարուստ փորձ ունի ծրագրերի, ճգնաժամային, ստրատեգիական կառավարման, ինչպես նաև բիզնեսի զարգացման, ֆինանսական պլանավորման և վերլուծության ոլորտներում: Նա ունի իրավաբանական և տնտեսագիտական կրթություն, նաև տնտեսագիտության թեկնածու է, բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, 2016-2018թ.թ.): Վերապատրաստման դասընթացներ է անցել Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH) (2006-2007թ.թ.) և MIP, Միլանի պոլիտեխնիկ համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցում (2018թ.): Իսկ մինչ այդ, 1996-2001թ.թ. սովորել է ԵՊՏՀ ընդհանուր տնեսագիտության ֆակուլտետում, 2001-2004 թվականներին ավարտել է Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ 2005-2009-ին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 2003-2008 թվականներին աշխատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ տարբեր պաշտոններում, իսկ 2008-2009-ին եղել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը: 2008-2010 թվականներին դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:

Վերջին 9 տարիներին Ա. Մուրադյանն ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում. 2009- 2013թ.թ. աշխատել է «Կոնֆետորգ» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն տնօրեն, իսկ 2013 թվականից 2018 հուլիսի 14-ը «Գլավտորգ հոլդինգ»-ի գլխավոր տնօրենի տեղակալն էր:

Վերջերս ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք և զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնը: Նա սիրով ընդունել է հրավերը և ընտանիքով վերադարձել Հայաստան, ամուսնացած է, ունի 2 դուստր: Այսօրվանից սկսած՝ ՊԵԿ նախագահի հրամանով ստանձնել է վարչության ղեկավարումը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս թեմայով